ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու․ Միրզոյան
 |armenpress.am|
14:28 - 10 հունվարի, 2024

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացման և խորացման գործընթացում երկար ճանապարհ կա անցնելու։ Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նախարարը վստահեցրեց, որ սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ ու ծրագրեր՝ բխող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, նաև դրանից դուրս։

« Մենք քիչ առաջ լսեցինք Հունաստանի արտաքին գործերի նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական և ինտենսիվ կերպով է շարունակվում։ Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստիացումների և աջակցության վրա»,-ասաց Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները։ Միրզոյանը համոզված է, որ այդ բարեփոխումները Հայաստանին ավելի են մոտեցնելու Եվրամիությանը։

ԵՄ-ի հետ երկխոսության համատեքստում Միրզոյանն ընդգծեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։

«Սա ևս մի կարևորագույն գործոն է, որը անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին»,- նշեց Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ԵՄ-ն վերջերս որոշել է մեծացնել և երկարաձգել առաքելության մանդատը, ինչը Հայաստանը ողջունել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել