Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար
11:59 - 11 հունվարի, 2024

Կառավարությունը կաջակցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին՝ մասնագիտական ուսուցում և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար

ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ մասնագիտական ուսուցում կազմակերպելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար։

Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց գործադիրիր հունվարի 11-ի նիստին։ Հարցը զեկուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերը համալրել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ և հմտություններ ունեցող, 2023թ․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցով՝ ապահովելով վերջիններիս կայուն զբաղվածությունը։

«Ըստ էության մենք արդեն մտել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար միջնաժամկետ ծրագրերի իրականացման փուլ, և այս նախագիծը ունի ինչպես մարդկային կապիտալի զարգացման, այնպես էլ զբաղվածության ծրագրի բովանդակություն»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման 3 ուղղություն։

  1. Մասնագիտական ուսուցում, որից հետո 3 ամիս պարտադիր աշխատանք։

Այս դեպքում շահառուին մինչև 5 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում ստանալու համար կտրամադրվի ուսման վարձի փոխհատուցում ամեն ամսվա համար 50 000 դրամ և կրթաթոշակ՝ ամսական 50 000 դրամ։ Երբ նա ներկայացնի տեղեկանքը, որ ստացել է կրթությունը, գործատուի հետ կկնքվի պայմանագիր և 3 ամիս նրան կտրվի ամսական 50 000 դրամ՝ եկամտային հարկ, դրոշմանշային հարկը և օրենքով սահմանված դեպքերում՝ սոցիալական վճարները։

Նարեկ Մկրտչյանի խոսքով գործատուն պետք է որոշի, թե որ ուսումնական հաստատությունում կամ կրթական կենտրոնում պետք է անցնի վերապատրաստումը։

«Ընդ որում և՛ ուսման վարձը, և՛ կրթաթոշակը մենք տրամադրելու ենք մասնակցած օրերի համար։ Եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չի կնքում կամ լուծում է այն մինչև 3 ամիս ժամկետի լրանալը, ապա փոխհատուցում է կրթաթոշակի և ուսման վարձի համար պետության կողմից տրամադրված գումարը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակցին»,- հավելեց նա։

Քննարկումից հետո որոշում կայացվեց 5 ամիս տևողությունը փոխարինել մինչև 6 ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցման։

  1. Վճարովի պրակտիկա, որից հետո աշխատանքի տեղավորում առնվազն 3 ամսով։

Գործատուի և ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացու միջև կնքվում է 6 ամիս տևողությամբ պայմանագիր, որից 3 ամիսը պարտադիր դիտարկվում է որպես վճարովի աշխատանքային պրակտիկա․ «Այսինքն՝ գործատուին ամսական մենք տրամադրելու ենք 165 000 դրամ՝ շահառուին աշխատավարձի և համապատասխան հարկերը վճարելու համար։ Պրակտիկայից հետո գործատուն պարտավորվում է ևս 3 ամիս շահառուին ապահովել աշխատանքով, որի դիմաց նրան վճարվում է ամսական 50 000 դրամ՝ հարկերը վճարելու համար»։

Աշխատանքային պայմանագիրը մինչև 6 ամիս լրանալը լուծելուց հետո գործատուն պարտավորվում է ամբողջությամբ վերադարձնել աշխատանքային փորձառության ընթացքում իրեն տրամադրված գումարից շահառուին որպես աշխատավարձ տրված գումարը։

  1. Բոլորը միասին՝ մասնագիտական կրթություն, վճարովի պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

Նախարարի խոսքով այս ծրագիրն արդեն փորձարկված է․ «2016-20թթ․ ռազմական գործողություններին մասնակցած մեր զինվորների համար այս ծրագիրն իրագործել ենք։ հետևել ենք ավելի քան 1 տարի և տեսել ենք, որ շահառուների 70%-ից ավելին շարունակում են մնալ աշխատաշուկայում»։ 

Նիկոլ Փաշինյանի հարցին, թե որոնք են այն կրթական հաստատությունները, որտեղ պետք է սովորեն շահառուները, արդյո՞ք կա պայման, որ պետք է լիցենզավորված լինեն այդ կենտրոնները, Մկրտչյանը պատասխանեց, որ չկա նման պայման։

Նիկոլ Փաշինյանն էլ, ի պատասխան դրան, ասաց․ «Ամեն դեպքում կարող են տանել, բակում մի տաղավար դնել, ասեն՝ մենք մասնագիտական կրթություն ենք տալիս, 50 000-ները տվեք»։

ժաննա Անդրեասյանն էլ ասաց, որ առկա է երկու իրավիճակ․ «Մեկը ամբողջական որակավորում տվող դասընթացն է, որի ավարտին տրվում է դիպլոմ, և որոշակի որակավորում։ Սա պահանջում է լիցենզիա, և այս պարագայում պարտադիր է, որ կրթական ծրագրի լիցենզիա ունենա հաստատությունը՝ մասնավոր լինի, թե պետական։ 

Եվ ունենք կարճաժամկետ կրթական ծրագրեր՝ մինչև վեց ամիս տևողությամբ, որոնք պահանջում են ոչ թե լիցենզիա, այլ երաշխավորում։ Այսինքն՝ բոլոր կարճաժամկետ ծրագրերը, որոնք տվյալ ծրագրի շրջանակում պիտի անցնեն, կարծում եմ՝ պետք է գրանցված լինեն երաշխավորված ծրագրերի ռեեստրում, որը նախարարությունը վարում է»։

Անդրեասյանը նաև հավելեց, որ քոլեջները ևս կարճաժամկետ ծրագրեր են իրականացնում բոլոր ոլորտներում, և այդ բազան կարող են տրամադրել գործատուներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել