2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին
 |armeniasputnik.am|
16:44 - 12 հունվարի, 2024

2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2023 թվականին Հայաստանում սննդային թունավորումների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13-ով։ Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը։

Նախորդ տարի գրանցվել է 51 թունավորման դեպք, որոնցից 8-ը` հանրային սննդի կետերում, 4-ը՝ մանկապարտեզներում, 1-ը՝ դպրոցում, 1-ը՝ ամառային ճամբարում, 1-ն էլ՝ իրացման կետում։ Մինչդեռ 2022 թվականին թունավորման դեպքերի թիվը 38 է եղել։

Հայրապետյանի խոսքով՝ 2023 թվականին նախորդ տարվա համեմատ վերահսկման միջոցառումների թիվը նվազել է, փոխարենը՝ արձանագրված խախտումների թիվն է ավելացել։

«2023-ին 2500 միջոցառում է իրականացվել, որոնցից 1374-ի դեպքում, այսինքն՝ 55 տոկոս դեպքերում, հայտնաբերվել են խախտումներ, մինչդեռ 2022-ին 3300 վերահսկման միջոցառում էր արվել»,- նշեց նա։

87 դեպքերում արտադրական գործունեության կամ առանձին գործառույթները կասեցնելու որոշում է կայացվել, որոնցից 65-ը վերաբացվել են, իսկ 22-ը չեն էլ դիմել վերաբացման համար։ Ստուգումների արդյունքում 1501 վարչական պատասխանատվության որոշում է կայացվել, ավելի քան 45 միլիոն դրամի տուգանք նշանակվել։

Իրականացված վերահսկման միջոցառումներն ու հետևաբար նաև հայտնաբերված խախտումներն ավելի շատ կլինեին, եթե տեսչական մարմինն ավելի շատ ռեսուրս ունենար։ Այս պահին ՍԱՏՄ-ում կա 195 տեսուչի հաստիք, որոնցից 38-ը թափուր են։

ՍԱՏՄ-ն 2023-ին շարունակել է վերահսկողությունն ու ստուգումները նաև կենդանիների շրջանում տարածված հիվանդությունների մասով․ 2023 թվականի ընթացքում թե՛ խոշոր, թե՛ մանր եղջերավոր անասունների շրջանում նվազել են բրուցելոզ հիվանդության դեպքերը։ Փոխարենը եթե 2022-ին լեշմանիոզ հիվանդացության որևէ դեպք չէր արձանագրվել, ապա 2023-ին 71 դեպք է գրանցվել։ Նախորդ տարի ավելացել են նաև կատաղության դեպքերը՝ 2022-ին 3 շան մոտ է հայտնաբերվել կատաղություն, 2023-ին՝ 10 շան և 1 ոզնու։ Համալիր միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխել դաբաղի նոր ու վտանգավոր՝ SAT-2 շտամի տարածումը Հայաստանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել