Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|
16:14 - 13 հունվարի, 2024

Տիրան Խաչատրյանին մեղադրանք դեռ չի առաջադրվել, գործով ևս 4 ձերբակալված կա. փաստաբան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը դեռ ձերբակալված է, մինչ այս պահը նրան մեղադրանք չի առաջադրվել։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այդ մասին ասել է Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է երեկ՝ հունվարի 12-ին։ Ըստ ԶԼՄ-ների՝ հունվարի 11-ին Կոտայքի մարզում՝ «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ժամանակ մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել, միջադեպի ժամանակ Արցախի բնակիչ Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ։

«Տիրան Խաչատրյանի գործով ոչ մի փոփոխություն չկա. առայժմ նա ձերբակալված է, ձերբակալման 72 ժամը դեռ չի լրացել, մեղադրանք դեռ չի առաջադրվել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ հարուցել է, սակայն գործի ընթացքը ցույց կտա՝ մեղադրանք կառաջադրեն, թե ոչ, իսկ առաջադրելու դեպքում ինչ հոդված կառաջադրեն»,- նշել է փաստաբանը։

Հարությունյանը հայտնել է, որ այս գործով ևս 4 անձ է ձերբակալվել, սակայն նշել, որ չի կարող ասել, թե ովքեր են։

«Ես ընդհանրական մեկնաբանություններ կարող եմ տալ, սակայն չեմ կարող մանրամասնել։ Հասկանալով, որ հանրային հնչեղություն կա, ես ինքս պարտավորվել եմ՝եթե նորություն լինի, ես դա հրապարակային կներկայացնեմ։ Քանի որ այս ընթացքում դատավարական առումով որևէ բան չի փոխվել, դրա համար այլ մեկնաբանություններից ձեռնպահ եմ մնում։ Թող նախաքննությունն աշխատի, քննիչն աշխատի, նորմալ, օբյեկտիվ պատկերը ստանան»,- ընդգծել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ ՆԳՆ-ի՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել 47-ամյա մի տղամարդ։ Վնասվածք պատճառողը ձերբակալվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել