Խորհրդարանը քննարկում է անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
11:28 - 15 հունվարի, 2024

Խորհրդարանը քննարկում է անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը

Մեկնարկել է Ազգային ժողովի 2024թ․ առաջին լիագումար նիստը։ 

Օրակարգում է նաև ՀՀ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները:

Այսպիսով՝ առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:

Ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում:

Ըստ նախագծի հիմնավորման՝ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների ու կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա:

Նախագիծը խորհրդարանում զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։

Նա նշեց, որ այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ (վերջին 5 տարիներին՝ խմբ․), շնորհվել է 1181 պատվավոր կոչում․ «Այն անձինք, որոնց տրամադրվել են այս պատվավոր կոչումները, պահպանելու են իրենց իրավունքներն ու արտոնությունները և համապատասխան գումարային չափը, որը նրանց շնորհվում է ամենամսյա կտրվածքով»։

Այնուհետև Հարությունյանը մանրամասնեց, որ այսուհետ պետության կողմից չեն տրամադրվելու պատվավոր կոչումները, և այն կոչումները, որոնք տրվելու կամ այս կամ այն մրցանակաբաշխության ժամանակ հանձնվելու են տվյալ ոլորտում առանձնացված անհատների, լինելու են այդ ոլորտոի մասնագետների ձևավորած, այդ հանրույթում ձևավորված կարծիքի հիման վրա և նրանց կազմակերպած մրցանակաբաշխության արդյունքում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե պետությունը տարեկան որքան գումար է ծախսում պետությունը պատվավոր կոչում ունեցող անձանց համար, Հարությունյանը պատասխանեց, որ ամսական 40 000-ական դրամ է տրամադրվում յուրաքանչյուր անհատին։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ հարց ուղղեց, թե արդյո՞ք պետությունը գումար է խնայում՝ այս նախագիծը ներկայացնելով, և արդյո՞ք պետությունը չպետք է միջամտի և խրախուսի արվեստ ստեղծող մարդկանց։

Արդարադատության նախարարի տեղակալը բացասական պատասխան տվեց առաջին հարցին՝ հայտնելով, որ պատվավոր կոչում ունեցող անձինք շարունակելու են ստանալ գումարները, որոնք նախատեսված են ՀՀ կառավարության որոշումներով։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Հարությունյանն ընդգծեց, որ պետությունը չի բացառելու միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին․ «Հակառակը, պետությունը ոլորտային մրցանակաբաշխությունները խրախուսելու է և հնարավորության սահմաններում աջակցելու է դրանց գոյությանը, ուղղակի չի միջամտելու որոշումների կայացմանը և մրցանակների շնորհմանը»։

Արմենուհի Հարությունյանի խոսքով պարտադիր չէ մասնագետին պետության կողմից շնորհել կոչում նրա ժողովրդականությունն ապահովելու համար, նրա գործունեությունը լուսաբանելու համար ուրիշ միջոցներ են անհրաժեշտ։

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանն էլ հայտնեց, որ նախագիծը երկար քննարկել են հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները տարբեր փաստարկներ են ներկայացրել և դեմ են արտահայտվել նախագծին։

«Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան երկրներում որպես կանոն չեն գործում առանձին մասնագիտությունների տեր անձանց արժևորման կոնկրետ ձևաչափեր և ավելի շատ խրախուսվում է մարդկանց խմբային, կոլեկտիվ գործունեությունը։ Մենք ևս ուզում ենք ներդնել այս մոտեցումը մեր օրենսդրությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս կոչումները Խորհրդային Միությունից մնացած նորմեր են, և այն ժամանակ կոնկրետ հարց լուծելու համար են ներդրվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել