30-ից ավելի ցուցադրություն, 2 հազարից ավելի նոր ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանն ամփոփում է 2023-ը |armenpress.am|
14:53 - 17 հունվարի, 2024

30-ից ավելի ցուցադրություն, 2 հազարից ավելի նոր ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանն ամփոփում է 2023-ը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պատմության թանգարանի համար 2023 թվականը եղել է բավական հագեցած, արդյունավետ տարի։ Նախորդ տարի թանգարանը կարողացել է տարբեր ձևաչափերով Հայաստանի և արտերկրի հեղինակավոր թանգարաններում իրականացնել շուրջ երեք տասնյակ մշտական և ժամանակավոր ցուցադրություն, այդ թվում՝ առցանց տարբերակով, երկու միջազգային գիտաժողով և հինգ տասնյակից ավելի տարաբնույթ մշակութային միջոցառում։ Տարվա կտրվածքով թանգարանի այցելությունների թիվը կազմել է 78 000։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ այս բոլոր աշխատանքները կատարվել են թանգարանում իրականացվող արդիականացման աշխատանքներին զուգահեռ։

«Նման ծավալի արդիականացման աշխատանքների պարագայում շատ հաճախ թանգարանները փակվում են և մինչև վերանորոգումն ամբողջությամբ չավարտվի՝ չեն բացվում։ Մենք նախընտրեցինք այլ ճանապարհ ու արդիականացման աշխատանքներին զուգահեռ շարունակեցինք մեր գործունեությունը, ծրագրերը ու լավ արդյունքներ գրանցեցինք»,-ասաց Դավիթ Պողոսյանը։

Տարին նշանակալի էր նաև թանգարանի հավաքածուի համալրման առումով։ 2023 թվականին թանգարանը ձեռք է բերել 2700 ցուցանմուշ ու արդեն թանգարանի հավաքածուն գերազանցել է գրանցված ցուցանմուշների 400 000 շեմը։ Ձեռք են բերվել հնագիտական, ազգագրական նյութեր, հնատիպ գրքեր, դրամագիտական արժեքավոր նյութեր և այլն։

«Բավական հետաքրքիր հավաքածուներ են ներկայացված թանգարանում, հատկապես դրամագիտական առումով։ 2023-ին առաջին անգամ մեծ ծավալի դրամագիտական ցուցահանդես ունեցանք։ Ունենք դրամի հավաքածու հելլենիստական, կիլիկիան շրջանից։ Կուզենայի առանձնացնել նաև բյուզանդական շրջանի դրամների մի ամբողջական հավաքածու, որը շատ կարևոր ձեռքբերում է»,-ասաց Դավիթ Պողոսյանը։         

Թանգարանի ցուցանմուշների թիվն ավելանում է, հավաքածուները համալրվում են, սակայն դրանց պահպանության առումով դժվարություններ կան։ Դավիթ Պողոսյանը նշեց, որ պահպանության համար շատ կարևոր է լայնարձակ, անհրաժեշտ սարքավորումներով, վերականգնման լաբորատորիաներով զինված թանգարանային շենք ունենալը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, մասնավորապես՝ 2023-ին ձեռք է բերվել փաստաթղթերի վերականգնման համալիր։ Թանգարանն ունի գեղանկարների մի հավաքածու, որի վերականգնման առումով էլ աշխատանք է տարվում ֆրանսիացի գործընկերների հետ։

«Այժմ թանգարանում բոլորովին նոր համակարգեր են անցկացվում, որը հնարավորություն կտա ապահովել կայուն, ջերմախոնավությունն ու օդափոխությունը կարգավորվող համակարգ։ Ինչպես գիտենք տարբեր նյութեր պահպանման տարբեր պայմաններ են պահանջում, հետևաբար այս նոր համակարգը հնարավորություն կտա ցուցանմուշների համար ապահովել համապատասխան միջավայր»,-ասաց թանգարանի տնօրենը՝ հավելելով, որ համակարգն արդեն փորձարկման փուլում է, գարնանը սպասվում է գործարկումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել