Դալմայի այգիները կվերածվեն մեծ զբոսայգու, Հրազդանի կիրճը կդառնա ռեկրեացիոն գոտի. Փաշինյանը խոսեց 2 ծրագրի մասին
 |news.am|
12:48 - 18 հունվարի, 2024

Դալմայի այգիները կվերածվեն մեծ զբոսայգու, Հրազդանի կիրճը կդառնա ռեկրեացիոն գոտի. Փաշինյանը խոսեց 2 ծրագրի մասին |news.am|

news.am: Երկու ծրագիր կա, որոնց վերաբերյալ ես հանձնարարականներ եմ տվել. մեկը Դալմայի այգիները մեծ քաղաքային զբոսայգու վերածելն է, ընդ որում, հնարավորինս նվազագույն միջամտությամբ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եվ մեկ ուրիշ նախագիծ, որը իրար հետ կապվելով Երեւանի համար դառնում է բնապահպանական մեգանախագիծ, Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի դարձնելու նախագիծն է: Երեւանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկեց, որպեսզի մենք Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով պետք է մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձեւավորման համար չկորցնենք: Ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը:

Դալմայի այգիները նաեւ կից են Հրազդանի կիրճին եւ տրամաբանական է, որ ռեկրեացիոն գոտին սկսվի Հրազդան գետի գետաբերանից, Երեւանյան լճի ափով մինչեւ Կորեայի ձոր»,-ասաց վարչապետը:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Դալմայի այգիների 250 հեկտար տարածքով հատվածում այս պահին իրականացնում են տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը. «Մանսավորապես ներգրավել ենք ԱՄԷ-ի ամենախոշոր այգիներ նախագծող ընկերությանը: Հետագայում հենց այն տրամաբանությամբ, որ դուք նշեցիք, մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ ամբողջ 250 հեկտորը նախագծվելու է որպես մեծ քաղաքային անտառ այգի: Այդ ծվալի աշխատանքը մեկ շնչի հաշվով մեզ կանաչ տարածքների առումով միջազգային ճանաչված նվազագույն շեմից մի փոքր ավել է դարձնում: Այսինքն մեկ շնչի հաշվով Երեւանում 9 քմ կանաչ տարածքներ ենք ունենալու»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ Հրազդանի կիրճը Երեւանի համար շատ մեծ հարստություն է. «Իհարկե, բնապահպանական տրամաբանությունն առաջնային է, բայց մենք ենթադրում ենք, որ այդ տրամաբանությունը գրագետ ձեւով ներդնելու պարագայում զբոսաշրջության եւ  եւ տնտեսական ահռելի հոսքեր ենք ապահովելու, որովհետեւ շատ ունիկալ տարածք է, ունիկալ միկրոկլիմա: Շատ կարեւորում եմ, որ այս ծրագիրը որպես ռազմավարական արձանագրենք»,-ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել