Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը նվազել են. ԽԱՊԿ-ի տարեկան զեկույցը |armenpress.am|
15:28 - 23 հունվարի, 2024

Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը նվազել են. ԽԱՊԿ-ի տարեկան զեկույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի լրատվամիջոցների համար 2023 թվականը բարդ տարի է եղել՝ լի տարբեր իրադարձություններով։ Եղել են հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումներ, զանգվածային բողոքի ակցիաներ, Լեռնային Ղարաբաղի շրջափակում և սեպտեմբերյան ռազմական ագրեսիա Ադրբեջանի կողմից, այնուհետև բռնի տեղահանված 100 հազարից ավելի արցախցիներ։ Տարին նաև ընտրական էր՝ անցկացվեցին Երևանի ավագանու ընտրություններ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրապարակած տարեկան զեկույցի համաձայն՝ ստեղծված իրավիճակում գրանցվել են ֆիզիկական բռնություններ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, տարատեսակ ճնշումներ՝ սպառնալիք, ատելության արտահայտում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տարվա ընթացքում խնդիրներ են արձանագրել նաև տեղեկատվության ազատության սահմանափակումների առնչությամբ՝ պետական մարմիններից լրագրողների հարցումների անհիմն մերժում կամ դրանց ոչ ամբողջական, լղոզված պատասխանների տրամադրում։

«2023 թվականին տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 135 դեպք է եղել, 2022 թվականին՝ 115։ Այս 135 դեպքը վերաբերում է հանրային նշանակության բաց տեղեկություններին։ Դրանք չեն տրամադրվում պետական մարմինների կողմից։ Եթե տրամադրվել են, ապա կամ թերի են եղել, կամ՝ լղոզված»,-ասաց Աշոտ Մելիքյանը։ Նման դեպքերում Աշոտ Մելիքյանը խորհուրդ է տալիս լրատվամիջոցներին դիմել վարչական դատարան՝ ոչ միայն պետական մարմնին պարտավորեցնել տրամադրել տեղեկությունը, այլև պատասխանատվության ենթարկել։ Նա հիշեցրեց, որ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ վարչական տույժի շեմը բարձրացվել է։

Չնայած երկրում ստեղծված դժվար իրավիճակին, 2023 թվականին նկատվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թվի նկատելի նվազում։ 2023 թվականին գրանցվել է 6 դեպք, 2022 թվականին՝ 14։

Ի տարբերություն դրան, ավելացել են ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը։ Մասնավորապես՝ 2023 թվականին գրանցվել է 60, իսկ 2022-ին՝ 55 դեպք։

Տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունները՝ «Freedom House»-ը, «Human Rights Watch»-ը, «Լրագրողներ առանց սահմանների»-ն, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են իրենց ամենամյա զեկույցները՝ անդրադառնալով նաև Հայաստանում խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը։ Ընդհանուր առմամբ՝ այս ոլորտում արձանագրվել է իրավիճակի բարելավում, սակայն մատնանշվել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել