Զրպարտության և վիրավորանքի հիմքով ԶԼՄ-ների դեմ դատական 60 գործ է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփել է տարին |armenpress.am|
14:24 - 25 հունվարի, 2022

Զրպարտության և վիրավորանքի հիմքով ԶԼՄ-ների դեմ դատական 60 գործ է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփել է տարին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2021 թվականը լրատվամիջոցների գործունեության համար լարված ժամանակաշրջան էր՝ պայմանավորված հետպատերազմյան, հասարակական-քաղաքական խոր ճգնաժամով ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեժ պայքարով։ Այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով կոմիտեի տարեկան զեկույցը:

«Թե քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, թե քաղաքացիների կողմից լրագրողները և օպերատորները հաճախ թիրախավորվել են: Հատկանշական էր, որ զանգվածային ակցիաների ժամանակ քաղաքական ուժերի համախոհները նույնականացնում էին լրատվամիջոցներին այն քաղաքական ուժի հետ, որի աջակցությամբ կամ հովանու ներքո գործում էին: Այդ ամենի հետևանքով դրսևորվում էր անհանդուրժողականություն»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Այդ լարված իրավիճակով պայմանավորված՝ 2021 թվականին կոմիտեն արձանագրել է լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական բռնության 18 դեպք, որոնց ընթացքում տուժել է 20 լրագրող ու օպերատոր: Թեպետ 2021 թվականի չորրորդ եռամսյակում ֆիզիկական բռնության դեպք չի գրանցվել ու մնացած բոլոր դեպքերն արձանագրվել են առաջին երեք եռամսյակում, միևնույն է Աշոտ Մելիքյանի կարծիքով, ընդհանուր ցուցանիշը մտահոգիչ է:

Անդրադառնալով զրպարտության և վիրավորանքի հիմքով ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական նոր հայցերին՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդ առումով մեծ հոսք է նկատվում: 2020 թվականին նման 61 դատական հայց է եղել, 2021 թվականին՝ 60: Կոմիտեի նախագահը նկատեց, որ, ընդհանուր առմամբ, նույն միտումը պահպանվում է:

«Դատական հայց ներկայացրածները, որպես ֆինանսական փոխհատուցում, հիմնականում առավելագույնն են պահանջում: Շատ քիչ է լինում, որ առհասարակ գումար չեն պահանջում ու ցանկանում են միայն հերքում ու պատասխանի իրավունք: Ինչ վերաբերում է դատարանների մոտեցումներին, ապա այդ առավելագույն պահանջները դեռ չեն բավարարվել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Կոմիտեի նախագահը մտահոգիչ է համարում տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումների հետ կապված արձանագրումները: 2021 թվականին այդպիսի 99 դեպք է գրանցվել : 2020 թվականին այդ ցուցանիշը 90 էր: Այս հարցում հիմնականում լրատվամիջոցները խնդիրներ են ունենում իրավական ոլորտի գերատեսչությունների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել