2022թ․-ին արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 184 դեպք
15:46 - 27 հունվարի, 2023

2022թ․-ին արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 184 դեպք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է 2022թ. տարեկան զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։

2022 թվականը լրագրողների ու լրատվամիջոցների գործունեության համար եղել է լարված տարի՝ պայմանավորված Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, սահմանային լարվածությունների, երկրում ներքաղաքական լարվածության և բողոքի ակցիաների, այլ էքստրեմալ իրադարձությունների լուսաբանման խնդիրներով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառվող բռնություններն ու տարատեսակ այլ ճնշումները եղել են թե տեղական, թե միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։ Իրավիճակը մտահոգիչ էր հատկապես 2-րդ եռամսյակի ընթացքում, երբ կիրառված ֆիզիկական բռնությունների դեպքերի կտրուկ աճ գրանցվեց՝ 11 դեպք (12 տուժող), որոնցից 10-ը (11 տուժող) տեղի է ունեցել ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաները լուսաբանելիս։

Գրանցվել է նաև տարատեսակ այլ ճնշումների 55 դեպք՝ մոտ 2 անգամ պակաս 2021 թվականի նույն տվյալից, և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 115 դեպք՝ 16-ով ավելի նախորդ տարվա համեմատ։ Պետական մարմինների կողմից ԶԼՄ-ների հարցումների անհարկի մերժումը, ինֆորմացիայի տրամադրման անհիմն ձգձգումը, պատասխանների ամբողջական չլինելը կամ հարցերի էությանը չհամապատասխանելը սովորաբար պատճառաբանվում են պետական կամ ծառայողական գաղտնիքի առկայությամբ, ինչը ոչ միշտ է հիմնավոր լինում։ Իսկ տեղեկությունների պակասը, որպես կանոն, ավելացնում է ապատեղեկատվության տարածման հնարավորությունն ու հավանականությունը։

Մտահոգիչ են լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ արհամարհական և վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահ մարմինների ծառայողների կողմից։ Այդպիսի վարքագծով աչքի են ընկել հատկապես ԱԺ իշխող խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը, Քրիստինե Պողոսյանը, ինչպես նաև՝ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլոք։
Թեև 2021թ․ համեմատ գրեթե կրկնակի նվազել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական հայցերի քանակը, այդուհանդերձ, այն բավական մեծ է․արձանագրվել է 32 նոր գործ։ Դրանց գերակշիռ մասը՝ 30-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով են, որը վերաբերում է վիրավորանքին ու զրպարտությանը։ Իսկ 2 դեպքում լրատվամիջոցները հանդես են գալիս որպես երրորդ կողմ՝ հեռուստաընկերություններն ընդդեմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դատական հայցերով։ Վերջիններիս առիթը ՀՌՀ կազմակերպած մրցույթներն են, որոնց արդյունքում լիցենզիա չեն ստացել «Հայկական երկրորդ հեռուստաալիքն» ու «Երկիր Մեդիան»։ Ի դեպ, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով նախատեսված հեղինակազորումը նրանց թույլ է տալիս շարունակել գործունեությունը և հեռարձակվել մալուխային կամ այլ տեխնոլոգիական միջոցներով։

Տեղեկատվական վեճեր ծագելիս խնդրահարույց է մնում այն, որ դրանք արտադատական մեխանիզմներով լուծելու կայուն պրակտիկա չի ձևավորվում։ Մասնավորապես՝ սակավաթիվ են դեպքերը, երբ դատարան դիմելուց առաջ կամ դրա փոխարեն փորձ է արվում դիմել խմբագրություն՝ հերքման կամ պատասխանի իրավունքից օգտվելու համար, կամ բողոք ներկայացնել ԶԼՄ-ների ինքնակարգավորմամբ զբաղվող կառույցներին և խնդիրը լուծել այդ հարթությունում։

Ընդհանուր առմամբ, 2022թ արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների 184 դեպք։ Դրանցից  14-ը ֆիզիկական բռնության դեպք է, 55-ը՝ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների, 115-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ են։

Հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են եղել նաև մեդիա օրենսդրության հետ կապված խնդիրները։ Իշխանությունների կողմից առաջադրվող և ընդունվող փոփոխությունների ռեգրեսիվ միտումները կանխելու նպատակով տեղական 11 լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել մի նախաձեռնությամբ, որը ենթադրում է օրենսդիր և գործադիր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կառույցների համատեղ աշխատանք՝ մեդիա օրենսդրությունը բարեփոխելու և արդիականացնելու ուղղությամբ։ Արդյունքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, լիազորվելով 10 գործընկեր կազմակերպությունների կողմից, ապրիլի 19-ին ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի նախագահի ու ՀՀ արդարադատության փոխնախարարի հետ ստորագրեց համագործակցության Հուշագիր։ Ըստ այդմ՝ մեկնարկել է Տեղեկատվական ոլորտի զարգացման և մեդիա օրենսդրության բարեփոխման հայեցակարգի մշակումը։ Այս փաստաթղթի առանցքային սկզբունքները հիմք կհանդիսանան ապագա օրենսդրական փոփոխությունների համար։

Այդուհանդերձ, իշխանությունները դեռ չեն հրաժարվել առանց մասնագիտացված ՀԿ-ների հետ քննարկելու կամ միջազգային փորձագիտական եզրակացություններ ստանալու օրենսդրական փոփոխություններ իրականացնելու արատավոր պրակտիկայից։

Որպես դրական գործընթաց ԽԱՊԿ-ը նշում է այն, որ լրագրողական և իրավապաշտպան հանրության հիմնավոր քննադատություններից հետո իշխանությունները հրաժարվեցին 2021 թվականին ընդունած՝ «ծանր վիրավորանքի» համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենսդրական դրույթներից, և որոշվեց դրանք հանել Քրեական օրենսգրքի նոր տարբերակից։ Այս քայլը ողջունեցին նաև միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ։

Լուսանկարը՝ Հետք-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել