Ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները. ԽԱՊԿ |armenpress.am|
16:47 - 22 հոկտեմբերի, 2021

Ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները. ԽԱՊԿ |armenpress.am|

armenpress.am: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի համաձայն` 2021 թվականի երրորդ եռամսյակում նախորդ եռամսյակների համեմատ նվազել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերը: 2021 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության  3 դեպք, 2021 թվականի 2-րդ եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 8: Նվազել են նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը:

Մասնավորապես,  3-րդ եռամսյակում գրանցվել է նման 20 դեպք: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակում եղել է 43:  Ի տարբերություն այս երկու ցուցանիշների, կտրուկ աճ է նկատվել տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների պարագայում: Մասնավորապես, ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում գրանցվել է նման 37 դեպք: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 15-ական դեպք եղել է ընթացիկ տարվա նախորդ եռամսյակներին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ պետական մարմինները վատ են աշխատում:

«Լրագրողների հետ երկխոսությունը, համագործակցությունը, մեծ հաշվով չի կայացել: Այնինչ, հարցերը բազմաթիվ են՝ հետպատերազմյան շրջանի, տարածաշրջանային, սոցիալական խնդիրների հետ կապված: Հասկանալի է, որ լրագրողներն ակտիվորեն հարցումներ են ուղարկում պետական մարմիններին, այնինչ, կամ պատասխանները ուշացվում են, կամ արհամարհվում են, կամ լղոզված են գալիս: Այդ փաստերը մենք արձանագրել ենք»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

2021թվականի 3-րդ եռամսյակում վիրավորանքի և զրպարտության հիմքով ԶԼՄ-ների և լրագրողների դեմ ներկայացված դատական հայցերի թիվը կազմում է 15: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակի համեմատ նվազել է: Երկրորդ եռամսյակում գրանցվել էր 23 հայց: Աշոտ Մելիքյանի խոսքով, 15 նոր հայցը նույնպես մտահոգիչ ցուցանիշ է: Դիտարկմանը, թե արդյոք սա վկայում է խնդիրներն իրավական դաշտում լուծելու նոր մշակույթի ձևավորման մասին, Աշոտ Մելիքյանը նշեց, որ այդպիսի միտում կարող ենք արձանագրել:

«Ամեն դեպքում ֆիզիկական բռնությունների քանակն այն չէ, ինչ երկու, երեք տարի առաջ էր: Նշեմ, որ դատական հայցերի մեծ մասը ներկա և նախկին պաշտոնյաների, պետական մարմինների կողմից է: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բավական ակտիվ է այդ հոսքը հենց պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից»,-ասաց Աշոտ Մելիքյանը: 

Աշոտ Մելիքյանի խոսքով, 2021թվականի երրորդ եռամսյակը լրատվամիջոցների ու լրագրողների համար խիստ մտահոգիչ էր նախ և առաջ նրանց նկատմամբ կիրառվող նոր սահմանափակումների առումով։  Ութերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավարությունը հուլիսի 30-ին ընդունեց երկրի օրենսդիր մարմնում նախադեպը չունեցող մի որոշում, որով սահմանափակեց խորհրդարանի շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ազատ տեղաշարժն ու աշխատանքի հնարավորությունները՝ կապված պատգամավորներից մեկնաբանություններ և հարցազրույցներ վերցնելու, մշտական հանձնաժողովների նիստերը և այլ քննարկումները լուսաբանելու հետ։

Աշոտ Մելիքյանն անդրադարձավ նաև օգոստոսի 30-ին ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթին, որով քրեականացվեց անձին հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելը, ինչի համար սահմանվել են տարբեր չափերի տուգանքներ, իսկ որոշ դեպքերում մինչև 3 ամիս ազատազրկում։ Նա նկատեց, որ այս նախագծերի փաթեթը լրագրողական կազմակերպությունները գնահատել են հետընթաց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել