«Մեր իսկ ձեռքով կվերացնենք չարիքը». «Հանրային ձայն»-ը ներողություն է խնդրում Վարդան Ղուկասյանի համար
21:25 - 25 հունվարի, 2024

«Մեր իսկ ձեռքով կվերացնենք չարիքը». «Հանրային ձայն»-ը ներողություն է խնդրում Վարդան Ղուկասյանի համար

«Դոգ» մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը, որի համար հայցում ենք հասարակության ներողամտությունը և պարտավորվում ենք չարիքը վերացնել մեր իսկ ձեռքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Արտակ Գալստյանը՝ անդրադառնալով քաղաքական ուժի և նրա համահիմնադիր, արդեն նախկին անդամ Վարդան Ղուկասյանի միջև ի հայտ եկած հակասություններին։

«Ավարտվեց կուսակցության շուրջ առաջացած թնջուկի առաջին փուլը։

Բլոգեր Վարդան Ղուկասյանը մինչ այդ հայտարարեց, որ 23000 ընտրող ձայն է տվել ոչ թե կուսակցությանը և գաղափարին, այլ իր հայհոյանքներին և հրավիրեց համագումար միայն իր համակիրներով, համագումարը տապալվեց և բլոգերին մնաց հայտարարել նոր ԴՈԿ անվամբ կուսակցության ստեղծման մասին։

Բլոգերի համագումարին ներկա էին 232 անձ, որից միայն 10%-ն էր կուսակցական։

Այսինքն, եթե ընդունենք, որ այդ 232 հոգին փողով բերած չէին, ապա բլոգերի համակիրները 23 000 ընտրողներից  ընդամենը 232 հոգին են։

Կուսակցությունն ունի մոտ 800 անդամ։ Բլոգերի կոչից հետո կուսակցությունից դուրս գալու դիմում և հայտարարություն են ներկայացրել ընդամենը 8 հոգի։ Այսինքն 800 կուսակցականից ընդամենը 8 հոգին են բլոգերի համակիրը։

Ընտրությունների ժամանակ կուսակցության ծրագիրը և գաղափարը ընտրել են 22 780 ընտրող։ Հայհոյանքը, մանկապղծությունը, արժեհամակարգի պղծումը, ընտանեկան արժեքների ոտնահարումը 232 հոգի։

Կուսակցության անդամ 800 հոգուց 792 հոգին համախմբված են կուսակցության գաղափարի շուրջ և մերժում են հայհոյանքը ու սրբապղծությունը որպես քաղաքական գործիքակազմ բլոգերի կիրառած մեթոդաբանությունը։

792 կուսակցական ընտրեցին բարոյականությունը, ընտանեկան արժեքները, քրիստոնեական հավատը և մերժեցին բլոգերին։

Բլոգերին կուսակցությունից վտարելուց հետո ստացել ենք ևս 45 դիմում կուսակցությանը անդամագրվելու։

Շնորհակալ եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներից և հասարակությանը բարոյական արժեքների կողմը կանգնելու համար։

Շնորհավորում եմ «Հանրային Ձայն» կուսակցության անդամներին մեզ վարկաբեկող աղբից ազատվելու և ինքնամաքրվելու համար։

Նաև շեշտեմ, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը հանդես է եկել նոր «Արժեհամակարգ» նախաձեռնությամբ, հայկական սոցիալական հարթակը հայհոյող և սրբապիղծ բլոգերներից մաքրելու  նպատակով, քանի որ հասկանում է, որ Դոգ մականվամբ բլոգերի ստեղծման և դեգրադացիայի մեջ կուսակցությունը ունի նաև իր մեղքի բաժինը, որի համար հայցում ենք հասարակության ներողամտությունը և պարտավորվում ենք չարիքը վերացնել մեր իսկ ձեռքերով»,- նշված է Գալստյանի անունից տարածված հայտարարությունում։

Վարդան Ղուկասյանը հունվարի 19-ին հրավիրված համագումարում, որին տեսակապով էր մասնակցում, հայտարարեց, որ հրաժարվում է կուսակցությունից և քաղաքական նոր ուժ է հիմնում։

Ղուկասյանն ասել է, որ «Հանրային ձայն»-ի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը, որը կալանավորված է, «ամբողջությամբ գտնվում է իշխանության ձեռքի տակ և փորձում է կուսակցությանը ներքաշել դատական քաշքշուկների մեջ, որպեսզի դրանով իսկ թույլ չտա կուսակցությանը մասնակցել խորհրդարանական ընտրություններին»։

Նոր կուսակցությունը, Ղուկասյանի խոսքով, կկոչվի «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն», կարճ՝ «ԴՕԿ»՝ կրկնելով իր մականունը։ Քաղաքական նոր ուժի հիմնադիր համագումարը կկայանա մարտի 5-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Ղուկասյանի հիմնադրած «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ խորհրդի անդամ հանդիսացող Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և որ այդ հիմքով դադարեցված է համարվում նրա անդամությունը կուսակցությանը։ Ղուկասյանը, ի պատասխան, հայտարարել էր, որ եթե ինքը չլինի կուսակցությունում, այն կդադարի գոյություն ունենալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել