Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանի, նրա որդու և եղբոր նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 1999-2012 թվականներին Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար հանդիսացած Վ.Ղ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, ընդհանուր օգտագործման ճանապարհներն ու այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), նույն համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Մ.-ի, քաղաքաշինության բաժնի պետեր Հ.Կ.-ի և Ռ.Հ.-ի օժանդակությամբ, ապօրինի օտարել է 24 անուն անշարժ գույք: Անշարժ գույքերի՝ օտարման օրվա դրությամբ կադաստրային արժեքը կազմել է 35 մլն 690 հազար 403 դրամ:
«Արդյունքում՝ Վ.Ղ.-ն պետության և համայնքի շահերին պատճառել է էական վնաս, անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլն 60 հազար 815 դրամ կադաստրային արժեքով 4 անուն անշարժ գույքերը: Գույքերի մի մասը Վ.Ղ.-ն օտարել է «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել ինքն ու եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, իր ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին:
Ա.Մ.-ն 2009 թվականին վերոնշյալ հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, 2014 թվականին Հ.Գ.-ն վերոնշյալ հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.-ին, ով 2017 թվականին՝ նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.-ի որդուն` Ս.Ղ.-ին:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին սեփական նախաձեռնությամբ Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում՝ 24 դեպքով՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 7 դեպքով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 19 դեպքով՝ 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) և 4 դեպքով՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև՝ Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ին օժանդակած Գ.Ղ-ի (եղբայր) և Ս.Ղ-ի (որդի) նկատմամբ:
Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա 19 անուն գույքերն օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան, իսկ 5 անուն գույքերի վերաբերյալ` նույն պահանջով, նախապատրաստվում են վարչական հայցեր:
Միևնույն ժամանակ, նույն քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել վերոնշյալ 24 անշարժ գույքերի ապօրինի օտարման գործընթացում Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից՝ 2006-2011 թվականների ընթացքում, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և անզգուշությամբ պետության և համայնքի շահերին էական, իսկ որոշ դեպքերում՝ այլ ծանր հետևանքներ պատճառելու առերևույթ հանցավոր դեպքերի մասին: Այդ կապակցությամբ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:48 - 04 հոկտեմբերի, 2023