Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել
 |hetq.am|
14:51 - 30 հունվարի, 2024

Արմավիրի մարզից դեպի Երևան հանրային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքից Արմավիր և հակառակ ուղությամբ կանոնավոր ուղևորափոխադրում չի իրականացվում։ Դադարեցվել է նաև Արտենի-Արմավիր և Մեծամոր-Երևան երթուղիների սպասարկումը։ Քաղաքացիները նշված բնակավայրերից Երևան են հասնում մեծ դժվարությամբ՝ տաքսիների և չլիցենզավորված և ապօրինի գործող երթուղայիններով։ 

Երևան-Արմավիր երթուղին սպասարող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից չեն կարողանում ստանալ երթուղին ժամանակավոր սպասարկելու տեղեկանքը, որպեսզի միկրոավտոբուսները տեխզննման ներկայացնեն։ Առանց տեխզննման մեքենաները երթուղի դուրս բերելու պարագայում ոստիկանության պարեկային ծառայությունը տրանսպորտային միջոցները տեղափոխում է տուգանային հրապարակ։ Մեքենաները հարկադրված երթուղի դուրս չեն բերում։

Արմավիրի միասնական երթուղու դեռևս 2021 թ-ին տեղի ուենցած մրցույթի արդյունքները «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն վիճարկում է դատարանում, սակայն դրան զուգահեռ շարունակել է փոխադրում իրականցնել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Նախարարությունն այժմ ոչ ժամանակավոր մրցույթ է անցկացնում, ոչ էլ երկարացնում է ընկերության սպասարկման իրավունքը՝ չտալով նաև անհրաժեշտ տեղեկանքը, որպեսզի մեքենաները տեխզննման ներկայացվեն։

Տարածքային կառավարման նախարարությունից փոխանցեցին, որ տեղյակ են խնդրից, և քննարկումներ են ընթանում փոխադրողի հետ, որպեսզի ժամանակավոր մրցույթ անցկացնեն։ Այդ դեպքում, ըստ ժամանակացույցի՝ մրցույթը հայտարարվելուց հետո 7 օրվա ընթացում ներկայացվում են դիմումները, որից հետո 3-օրյա ժամկետում ամփոփում են մրցույթի արդյունքները։ Նախարարությունում հույս ունեն, որ այդ ընթացքում կկարողանան իրավիճակը կարգավորել։

«Դեղին համարները երկարացնելու համար պետք է իրավական հիմք նշվի։ Սահմանված ձև է, որտեղ նշվում է այն իրավական հիմքը, որ պետք է երկարացնեն։ 2021 թ-ին եղել է իրավական հիմքը, նախատեսված է եղել, որ ընկերությունը շարունակի սպասարկել մինչև հիմնական մրցույթի անցկացումը»,- հայտնեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ նշելով, որ այժմ չկա իրավական հիմք, որպեսզի ընկերությանը թույլ տան առանց ժամանակավոր մրցույթի շարունակել սպասարկումը։ 

Անդրադառնալով Արմավիրի մարզի մյուս երթուղիների աշխատանքի դադարեցմանը՝ ՏԿԵ նախարարությունից հայտնեցին, որ քննարկել են իրավիճակը մյուս երթուղին սպասարկողի հետ։ Այս դեպքում սպասարկող մեքենաների շահագործման ժամկետներն են լրացել և նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի միասնական երթուղուն վերաբերվող ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հրամանը դատարանում վիճարկվում է։ Վարչական դատարանի վճռով՝ անվավեր էր ճանաչվել հրամանը, սակայն ՏԿԵ նախարարությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը։ Այժմ գործը քննվում է Վերաքննիչ դատարանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել