armenpress.am: Հայաստանի իշխանություններն ունեն նոր Սահմանադրություն ընդունելու գաղափար, որին անդրադարձ լինելու է, սակայն այս պահին որևէ մշակում չկա:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Լեգիտիմությունը մենք չենք կարող դնել կասկածի տակ, քանի որ բոլորս գործում ենք գործող Սահմանադրության հիման վրա: Բայց դրա հետ զուգահեռ ես կուզենայի, որ մենք Սահմանադրությունը դիտարկեինք որպես ապրող փաստաթուղթ, որը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է առաջանում, սահմանադրի քվեի առկայության պարագայում, փոփոխելու կամ վերափոխելու, վերանայելու»,-ասաց Վարդանյանը:
Պատգամավորն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է անցկացնում ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլ նաև նոր Սահմանադրության տեքստի հետ կապված: «Որոշողը սահմանադիրն է, որը հանրաքվեին քվեարկելու է այս կամ Սահմանադրության օգտին»,-նշեց նա:
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կա գաղափար: Եվ դա կքննարկվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդում:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագրի հղումը՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չէ հրաժարվողը: «Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի սահմանադրական հանրաքվեի, քանի որ այլ եղանակ չկա, ապա սահմանադիրն է որոշելու, թե Սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու՝ առաջին նախադասությունից մինչև վերջ»,-նշեց պատգամավորը:
Ըստ նրա՝ մշակում չկա, կա գաղափար և գաղափարի շրջանակում կարող են սկսվել քննարկումներ: «Կա գաղափար, և այդ գաղափարին անդրադարձ լինելու է»,-ասաց պատգամավորը:
Նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին հունվար ամսին խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում:
comment.count (0)