1lurer.am: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով, հանձնման մասին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այդ մասին «Լուրերին» տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):
Քրեական վարույթով պարզվել էր, որ Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք էր բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:
Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված եղել «Զանգեզուր մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:
Վանեցյանի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը:
Կարեն Վանեցյանը, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Միքայել Մինասյանին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել էր օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք:
Նա 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք էր բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը:
Նախաքննության ընթացքում Կարեն Վանեցյանի գտնվելու վայրը պարզել հնարավոր չէր եղել:
Միջնորդություն էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
comment.count (0)