Մխիթար Հայրապետյան․ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող, օգտակար պետության վերածվող Հայաստան
 |aravot.am|
12:30 - 02 փետրվարի, 2024

Մխիթար Հայրապետյան․ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող, օգտակար պետության վերածվող Հայաստան |aravot.am|

aravot.am: «Առաջարկում եմ՝ ավարտենք մշտապես շարունակվող բանավեճը եւ մեզ համար արձանագրենք, որ պետք է արդեն մտածենք, թե ինչպես ներդնենք արհեստական բանականության գործիքները Հայաստանի տնտեսության մեջ, թվայնացման համակարգում, ռադիոհաղորդակցության, տեղեկատվական գիտության ոլորտում»,-այս մասին այսօր «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» համաժողովում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանանք, որ մարդու մտածելակերպի եւ ընկալման ու հույզերի մեջ երկու մոտեցում կա․ «Այսինքն, այսօր էլ մենք գուցեեւ փորձում ենք գտնել լուծումներ, մյուս կողմից էլ առկա են վախեր։ Տեխնոլոգիական տարբեր հեղափոխությունների փուլերում այդ վախերը եղել են, դրանք նույնանման են այսօրվա այն վախերին, որոնք ունենք արհեստական բանականության հետ կապված»։

Հայրապետյանն ասաց՝ այն պետությունները, սուբյեկտներն ու ազգերը, որոնք երկար կմտածեն դրա շուրջ, իրենք հետ են մնալու ամբողջ աշխարհի զարգացումից․ «Այս առումով ունեմ մտավախություն, որ մենք տեղ-տեղ արդեն ուշացել ենք։ Հետեւաբար, թռիչքային աճի համար մեզ պետք են տասը անգամ արագ որոշումներ եւ գործողություններ։ Սրանով է պայմանավորված մեր ապագա զարգացումը»։ Նախարարի ներկայացմամբ՝ այսօր պետական տարբեր գերատեսչություններում, երբ առաջարկվում է նոր ռազմավարություն եւ մոտեցումներ, դժվարությամբ կգտնեք այդ թղթերում «արհեստական բանականություն» բառակապակցությունը։

Նա վստահեցրեց, որ ԲՏԱ նախարարությունը ստանձնելու է առաջնորդություն, որպեսզի արհեստական բանականության շուրջ խոսակցությունները ճիշտ ներկայացվեն հասարակությանն ու գերատեսչություններին․ «Այն վախերը, որոնք նույնիսկ պետական ապարատում կան, պետք է կոտրենք եւ հենց հիմա պիտի անենք դա։ Ինչ թվայնացման կամ փաստաթղթաշրջանառության կամ պետական ապարատի արդյունավետ կառավարման մասին է խոսքը, եթե ունենք այդ վախերն անգամ որոշումներ կայացնողների մակարդակով։ Այդ վախերը կոտրելով, վստահ եմ, Հայաստանն աշխարհում կարող է դառնալ մրցունակ ու ամբիցիաներ ունեցող երկիր, ունենալ կարեւոր դեր աշխարհում՝ մոլորակի մարդկանց ինչ որ լուծումներ առաջարկելով, ինչը վերափոխելու է Հայաստանը եւ հայ մտածողի, արարողի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը։ Հավերժ տրտնջացողից, բողոքողից՝ լուծումներ առաջարկող եւ մատակարարող եւ օգտակար պետության վերածվող Հայաստանի հանրապետություն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել