Կան շանտաժներ և ճնշումներ, բայց «Հանրային ձայն»-ը քվորում չի ապահովելու․ Վարդան Ղուկասյան |news.am|
15:28 - 03 փետրվարի, 2024

Կան շանտաժներ և ճնշումներ, բայց «Հանրային ձայն»-ը քվորում չի ապահովելու․ Վարդան Ղուկասյան |news.am|

news.am: Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու փետրվարի 7-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստին։ Այս մասին հայտնել է ԴՕԿ («Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն») կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։

«Փետրվարի 7-ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, հայտարարում եմ, որ «Հանրային ձայն» ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար: Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:

Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ եթե «Հանրային ձայն»-ի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը: Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան՝ ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից»,- ասվում է Վարդան Ղուկասյանի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ Երևանի ավագանու 5 ընդդիմադիր անդամներին՝ «Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Զարուհի Փոստանջյանին և Գևորգ Ստեփանյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մանդատներից զրկելու հարցով։

Ավելի վաղ նախատեսված էր, որ նիստը պետք է տեղի ունենա փետրվարի 5-ին, սակայն նիստը հետաձգվել էր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել