1lurer.am: Մեր աշխատանքը ենթադրում է էական զսպվածություն, ենթադրում է զսպվածություն այն պայմաններում, երբ մեզ անընդհատ և անդադար սադրում են, և այդ սադրանքներն անընդհատ և անդադար շարունակվելու են: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսքն ուղղելով լիազորությունները դադարեցնելու որոշում կայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին:
Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին աշխատանքի համար և ողջունելով նրա որոշումը՝ Ավինյանը հավելեց. «Ուզում եմ, այնուամենայնիվ, ընդգծել, որպեսզի հետագայում նման մեթոդներով որոշ գործընկերներ չփորձեն շարունակել իրենց աշխատանքը, որովհետև միայն բիրտ ուժը չէ, որ կարող է գործադրվել սադրանքների դեպքում, կան այլ մեթոդներ, քրեաիրավական մեթոդներ: Ես կարծում եմ, որ բոլոր այն տեղերում, որտեղ անձինք պաշտոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն, կցուցաբերեն այնպիսի վերաբերմունք, որն արդեն կանցնի Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր բոլորի ուշադրությունը շատ ավելի շատ սևեռված է լինելու այդ տեսակ վարքագծին»:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 19-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր լիազորությունները:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
comment.count (0)