Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին։ «Իմ կարծիքով մենք պետք է առաջնորդվենք սեփական շահերով ու մեր հանրապետութան առջև ծառացած մարտահրավերներով։ Նախորդ ճեպազրույցի ժամանակ էլ ասացի, որ սահմանադրական բարեփոխումներ պետք է իրականացվեն և իրականացվելու են բացառապես ՀՀ ժողովրդի կամքով։ Մենք պետք է առաջնորդվենք այն սկզբունքով, որ տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ՄԱԿ-ի ստեղծումից հետո դիտարկվելու են և շարունակվելու են դիտարկվել որպես կարևորագույն անկյունաքար միջազգային հարաբերություններում, ու մենք պետք է շարժվենք այդ ճանապարհով»,- ասաց նա։ Վարդանյանը նշեց, որ նոր սահմանադրությունը նշանակում է նոր ընթացակարգ։ Պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում է արդյոք կառավարական մոդելի փոփոխություն ևս իրականացնել, պատգամավորն ասաց․ «Մենք այդ հարցը քննարկել ենք սահմանադրական բարոփոխումների խորհրդում և որոշում ենք կայացրել, որ կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվի»։
comment.count (0)