Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|
16:42 - 07 փետրվարի, 2024

Մարությանին ճիշտ էր հանել և քաղաքապետի պաշտոնից, և ավագանուց, նա չի հասկանում Երևանի տնտեսությունից. Ավինյան |news.am|

news.am: Երբ խոսում ենք կարմիր գծերի մասին, միշտ պետք է հիշենք, որ մենք ունենք ընտրություն՝ տրանսպորտը զարգացնելու ուղղությամբ, եւ թողնելու, որ սեփական մեքենաները քաղաքում ավելանան եւ ճանապարհներին առկա խնդիրները ավելի բարդանան: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այն որոշումները, որոնք մենք ընդունում ենք, ուղղված է նրան, որ հանրային տրանսպորտը պետք է արտոնություններ ստանա, ունենա առանձնացված գծեր, ունենա միասնական տոմսային համակարգ: Երբ ասում են՝ թանկացնում ենք, ամեն մարդ պետք է իր համար հասկանա՝ ինքը երբ շաբաթական, ամսական, կամ տարեկան տոմսը գնում է, եւ համեմատում է իր այսօրվա ուղեւորափոխադրումների հետ,  արդյոք դ աիր համար թանկանում է, թե էժանանում: Ես վստահ եմ՝ կլինեն դեպքեր, որ որոշ մարդկանց համար կեժանանա:

Բացի այս որոշումից մենք նաեւ էական արտոնությունների փաթեթ ենք քննարկելու՝ հասկանալու ենք, այն խմբերը, որոնք ունեն արտոնության կարիք»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պնդում է, որ կարելի է այդ բոլոր փոփոխություններն իրականացնել առանց ուղեվարձը բարձրացնելու, պետության կողմից սուբսիդավորել տրանսպորտը, Ավինյանն ասաց. «Այդ ամենը ինձ մոտ վստահություն է ներշնչում, որ Հայկ Մարությանի հետ կապված բոլոր որոշումները, և՛ քաղաքապետի պաշտոնից հեռացնելը, և՛ ավագանու մանդատից զրկելը, միանշանակ, ճիշտ են եղել։ Այդ մարդը չի հասկանում քաղաքային տնտեսությունից: Բացարձակ վրեժ խնդրություն չկա:

Մարդը չի հասկանում, որ այս տրանսպորտի վրա, այնուամենայնիվ, քաղաքապետարանը այդ սուբսիդիան  ծախսում է քաղաքացիների հարկերից: Այսպես, թե այնպես, եթե տրանսպորտն արժի X գին, ինչ-որ մեկը դա վճարում է: Դա կամ երեւանցիներն են, կամ եթե կառավարությունը սուբսիդավորում է, ապա ՀՀ քաղաքացիները: Եթե առաջարկն այն է, որ պետությունը սուբսիդավորի միայն Երեւանի տրանսպորտը, կստացվի, որ Սյունիքում ապրող մարդը պետք է սուբսիդավորի Երեւանի տրանսպորտը:

Երեւանի բյուջեն ձեւավորվում է երեւանցիների վճարած հարկերից ու տուրքերից: Հիմա, կոպիտ ասած, էս գրպանից կհանես, կտաս որպես տուրք եւ քաղաքապետարանը կսուբսիդավորի, թե՞ հենց դու քո տրանսպորտը կսպասարկես, մեթոդի հարց է»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել