ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային վարչությունում
16:26 - 14 փետրվարի, 2024

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզային վարչությունում

ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը փետրվարի 13-ին օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Ներկա էին ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Հայկ Բաբայանը, Սյունիքի մարզային վարչության, բաժինների, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների ղեկավարներն ու նրանց տեղակալները, պարեկային ծառայության, հաշվառման-քննական բաժանմունքների և պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ղեկավարները։ Ամփոփվել են 2023 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, քննարկվել են օպերատիվ իրավիճակին առնչվող մի շարք հարցեր։

Արամ Հովհաննիսյանը մատնանշել է բացթողումներն ու դրանք վերացնելու ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ Միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար։ Նա նաև հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա պայքարը թմրամոլության և թմրաշրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, կամավոր հանձնման ուղղությամբ։

Երթևեկության կանոնների խստագույնս պահպանման վերաբերյալ կոնկրետ ցուցումներ են տրվել պարեկային ծառայության հրամանատարությանը։ Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը այցելել են նաև Սյունիքի մարզի սահմանային այն անցակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։

Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել իրականացվող բարեխիղճ ծառայության համար։ Նրանք այցելել են նաև Ոստիկանության զորքերի Սյունիքի մարզի տեղակայման վայրեր, հետևել ոստիկանների ծառայությանը և ծանոթացել կեցության պայմաններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել