Հայաստանը չի մասնակցի ՌԴ–ում կայանալիք «Ապագայի խաղեր 2024» մրցաշարին. ԿԳՄՍՆ |armeniasputnik.am|
09:23 - 16 փետրվարի, 2024

Հայաստանը չի մասնակցի ՌԴ–ում կայանալիք «Ապագայի խաղեր 2024» մրցաշարին. ԿԳՄՍՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանը չի մասնակցի վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարին, որը կանցկացվի 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը Կազանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։

«Հայաստանը նման հայտ ստացել է մրցաշարի կազմակերպիչներից։ Մենք այդ հայտն ուղարկել ենք գրանցված սակավաթիվ ոլորտային կազմակերպությունների էլեկտրոնային հասցեներին, բայց բացասական պատասխան ենք ստացել։ Նշել են, որ մրցույթին մասնակցելու համար թեկնածուներ չունեն»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է հետագայում մրցույթի մասնակցությանը, Սեդրակյանը նշեց, որ եթե լինեն համապատասխան կազմակերպություններ` ձևավորված թիմերով, և եթե պետությունը նպատակահարմար գտնի նման միջոցառմանը աջակցություն տրամադրել, Հայաստանը կմասնակցի։

Այս տարի այդ մրցաշարի համար նախապես ծրագրված ֆինանսական միջոցներ չեն եղել։

Միաժամանակ Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Ապագայի խաղեր» մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը որպես Հայաստանի ներկայացուցիչ ներկա կլինի ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է առաջին անգամ և կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ ավելի քան 100 երկրից։ Մրցանակային ֆոնդը կկազմի 25 միլիոն դոլար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել