Նախագահը ստորագրել է հրաժարական տալու միջոցով կարգապահական հնարավոր տույժից խուսափած դատավորին կրկին դատավոր նշանակելու հրամանագիրը

 |factor.am|
14:39 - 23 փետրվարի, 2024

Նախագահը ստորագրել է հրաժարական տալու միջոցով կարգապահական հնարավոր տույժից խուսափած դատավորին կրկին դատավոր նշանակելու հրամանագիրը |factor.am|

factor.am: Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ստորագրել է Սամվել Թադևոսյանին Սնանկության դատարանի դատավոր նշանակելու հրամանագիրը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի կայքից։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 14-ին նախագահին առաջարկել էր Սամվել Թադևոսյանին նշանակել Սնանկության դատարանի դատավոր։ Այս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդն արդեն նիստ է նշանակած եղել, երբ վերջինս, հրաժարականի դիմում է ներկայացրել։

Թադևոսյանի վերաբերյալ կարգապահական գործով անցնում էր ևս երեք այլ դատավոր՝ Տիգրան Պետրոսյանը, Արտակ Բարսեղյանը և Աստղիկ Խառատյանը։ Այս դատավորների վերաբերյալ գործը քննելով՝ ԲԴԽ-ն որոշել է նրանց լիազորությունները դադարեցնել։ Ինչ վերաբերում է Սամվել Թադևոսյանին, վերջինիս վերաբերյալ վարույթը կարճվել է այն հիմքով, որ նա այլևս դատավոր չի եղել։ Այս իրադարձությունները տեղի են ունեցել 2023 թվականի հուլիսին, որից կես տարի անց, փաստորեն, կարգապահական հնարավոր տույժից հրաժարականի միջոցով խուսափած դատավոր Թադևոսյանը կրկին վերադառնում է դատական համակարգ։

Սամվել Թադևոսյանին դատավորի թեկնածու ընտրելու հանգամանքին անդրադառնալով՝ ԲԴԽ-ն Factor.am-ին պարզաբանել է, թե տվյալ իրավիճակում առկա չէ օրենսդրական արգելք։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորները, որոնք ունեն դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ի թիվս այլ պահանջների՝ նախկին դատավորների դեպքում անհրաժեշտ է, որ նրանց լիազորությունները դադարեցված չլինեն կարգապահական խախտում թույլ տալու կամ լիազորությունները դադարած չլինեն նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Պարոն Թադևոսյանի լիազորությունները չեն դադարեցվել վերոնշյալ հիմքերից որևէ մեկով։

Այսպիսով, Սամվել Թադևոսյանը համապատասխան պահանջները բավարարելով, դիմել է որպես նախկին դատավոր առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար և Բարձրագույն դատական խորհրդի կողմից 7 կողմ 3 դեմ ձայներով ընգրկվել է»,- հայտնում են ԲԴԽ-ից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել