news.am: Այո, ես կրկնում եմ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարեւոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է, շրունակում եմ պնդել, որ ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար ու ես այդ որոշումը ընդունել եմ պատասխանատվությամբ եւ ի գիտություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում այդպիսի որոշում է կայացվել»,- ասաց նա՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե իր թեկնածության վրա ստիպվա՞ծ են կանգ առել, որովհետև Բաբկեն Թունյանը հրաժարվել է, այլ թեկնածու էլ իշխանությունը չունի։
Արդյոք կադրային սո՞վ է պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար. լրագրողի դիտարկմանը Պապոյանն արձագանքեց. «Եկեք անկեղծ լինենք, պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ: Այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ: Ես նկատի չունեմ միայն նախարարին կամ վարչապետին, փորձագետից սկսած բոլորի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ: Եկեք գնանք 1000 խոշոր հարկատուների մեջ 400-րդ տեղում գտնվող կազմակերպության գործադիր տնօրենին հարցնենք, տեսնենք ինքը կգա կաշխատի՞ նախարար կամ փոխնախարար, թե՞ ոչ:
Ընդ որում, հարցը միայն աշխատավարձը չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որ իրեն քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան: Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որ կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, շատ լավ վարչության պետ, բայց իրենք չեն գա: Պատասխնատվությունը մեծ է»,-ասաց նա:
comment.count (0)