armeniasputnik.am: Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները սառեցնելու վերաբերյալ քննարկումներ Հայաստանում չկան։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին։
Ապա անդրադառնալով լրագրողի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը՝ Ռուբինյանը շեշտեց. «Եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության, ապա կարևոր է, որ չօգտագործենք կողմերի համար զգայուն տերմինաբանություն։ Հայաստանում «Զանգեզուր» անունով տարածքային միավոր չկա, կա Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք և այլն։ Հայաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հստակ է, այն ներկայացված է վարչապետ Նիկոլ Փաշինյան առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։ Այն հիմնված է սկզբունքների վրա, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք գոյություն են ունեցել խորհրդային ժամանակներում և նաև նոր կգործարկվեն, շահագործվելու են երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության, փոխադարձության պայմաններում»,- ասաց Ռուբինյանը։
Հարավային Կովկասում հաղորդակցությունների և անվտանգության մասին հարցին ի պատասխան Ռուբինյանը նշեց, որ իր կարծիքով Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն այն պետություններն են, որոնք լիովին կարող են ապահովել իրենց տարածքում հաղորդակցությունների անվտանգությունը։
«Ամեն դեպքում, Հայաստանի անունից ես դա կարող եմ ասել։ Մենք հատուկ ստորաբաժանում ունենք, որը ազգային անվտանգության կազմակերպություն շրջանակներում է վերջերս ստեղծվել։ Այդկերպ մենք ուժեղացնում ենք հաղորդակցության անվտանգությունը, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Նույնիսկ չարժե քննարկել այդ հարցը»,- նշեց Ռուբինյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։
Նա հավելել էր, որ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է անկլավների հարցը։
comment.count (0)