Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
16:32 - 01 մարտի, 2024

Հայաստանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբդալլահ Ալի Ալ-Յահյային նախարար նշանակվելու կապակցությամբ և հայտնել պատրաստակամությունը համատեղ ջանքերով հարստացնել երկկողմ օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում առկա ներուժն իրացնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու շփումերն արդեն իսկ լավ հիմքեր են ստեղծել, իսկ բարձրաստիճան փոխայցելությունները կարող են լրացուցիչ խթան հաղորդել ձևավորվող օրակարգին:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում հստակ հանձնառության և սահմանազատման հետագա գործընթացում առավել հստակության ապահովման կարևորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի:

Որպես խաղաղության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, դրա տնտեսական առավելություններն ու ներդրումների համար ստեղծվող հնարավորությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել