Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանն այս պահին կարողություն ունի օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին առաջին անգամ Ալեն Սիմոնյանն էր խոսել․ «Ես նման քննարկման մասնակից չեմ եղել, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իրենք այդտեղից դուրս գան։ Դա իմ անձնական կարծիքն է։ Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ որ չպաշտպանեցին։ Եկան ԼՂ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցի՞ն, է՞դ են պաշտպանել։ Մի օր էլ «Զվարթնոցից» ինձ ու ձեզ ուղեկցե՞ն դուրս»,- ասել էր նա։
Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ «Այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների և երկկողմ հարաբերությունների մակարդակով»։
comment.count (0)