Իրանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին․ Իրանի պաշտպանության նախարարը՝ Պապիկյանին
 |azatutyun.am|
11:09 - 07 մարտի, 2024

Իրանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին․ Իրանի պաշտպանության նախարարը՝ Պապիկյանին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, երեկ Թեհրանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին՝ շեշտելով՝ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ Աշթիանին Իրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղությանը՝ վերահաստատելով․ - «Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը»:

Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։

Աշթիանի նաև վերահաստատել է Իրանի ավելի վաղ արտահայտած ևս մեկ դիրքորոշում՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Թեհրանի համար ընդունելի չէ։

Պապիկյանի երեկ է մեկնել Թեհրան։ Հայկական կողմի փոխանցմամբ, Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները, խոսել միջազգային և տարածաշրջանային հարցերի մասին՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:

Պապիկյանը երեկ հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել