Եթե իրավական հիմք չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ քաղաքացիությունից, պահել կալանքի տակ․ Փաշինյան
13:20 - 12 մարտի, 2024

Եթե իրավական հիմք չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ քաղաքացիությունից, պահել կալանքի տակ․ Փաշինյան

Ադրբեջանը Հայաստանի առաջ ի՞նչ պայման է դրել գերիներին վերադարձնելու համար, ինչու վերջին դեպքի հետ կապված, երբ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել էր ՀՀ տարածքում, գեթ մեկ հայ ռազմագերի նրա փոխարեն չվերադարձվեց, և, առհասարակ, այս պահին գերիների վերադարձի հետ կապված քննարկումներ կա՞ն։ Այս հարցը հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։ Վերջինս փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը: Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: 

«Շատ վաղուցվանից ՀՀ և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով, այսինքն՝ նպատակ չունենալով, հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են։ Այս պայմանավորվածությունը մի իքս պահից՝ 2018-ից առաջ, խախտվել է, և 18-ից հետո էլ խախտվել է, ոչ թե պայմանավորվածությունը, այլ պարզվել է, որ ընկալման շուրջ կան տարբերություններ, որովհետև այն զինծառայողները կամ անձինք, ովքեր կամ դիտավորյալ են խախտել, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, հասկանալիորեն կա բարդություն այդ խնդիրը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել են փոխադարձաբար, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով է պարզվել, թե արդյոք անձն անցնել է դիտավորյալ, շփոթությամբ, և Հայաստանի տարածքում հայտնվելով կամ մինչ Հայաստանի տրամադրության ներքո հայտնվելը արդյոք արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով․ «Երբ որ պարզվել ա, որ ոչ [ուղիղ եթերը կտրտվում է]․․․։ Մենք չգիտենք՝ հաջորդ զինվորը որ կողմից կլինի, չգիտենք՝ հաջորդ զինվորը էլի նույն պայմաններում (կարևոր է հիշել, որ զուգահեռ այլ արարք տեղի ունեցած չլինի), և եթե նույն պայմաններում որ կողմից զինվոր շփոթվի և անցնի հակառակ կողմը, ես էլի վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ մենք էլի հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը, եթե ձեզ մոտ հարց ծագի՝ ես համոզվա՞ծ եմ արդյոք, որ մյուս կողմը նույնպես հավատարիմ կմնա այդ պայմանավորվածությանը (ես հույս ունեմ, որ մեր զինվորները չեն շփոթվի և հակառակ կողմում չեն հայտնվի), եթե այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում։ Բայց սա արվել է այդ օբյեկտիվ իրողությունից ելնելով։

Տեսեք, մարդուն կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ հիմքը չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին, անկախ որ երկրի քաղաքացի է, պահել կալանքի տակ կամ պահել որպես պատանդ, դա մեր երկրի գործելակերպը չէ»։

Գերիների վերադարձի թեմայով միշտ տարվում է ամենօրյա աշխատանք։ Հասկանալի է, որ մենք հասկանում ենք հարցի և բարոյական, և քաղաքական, և մարդկային կողմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել