Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ- ից
 |armenpress.am|
14:13 - 12 մարտի, 2024

Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում Հայաստանը պաշտոնապես դուրս կգա ՀԱՊԿ- ից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը փաստացիորեն սառեցրել է իր գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում․ սա պետության քաղաքական որոշումն ու դիրքորոշումն է, որը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։

Այս մասին մարտի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը չի մասնակցում կառույցի նիստերին, չունի մշտական ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում, չի օգտագործում իր քվոտան գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու համար, կարծիք չի արտահայտում ՀԱՊԿ-ում շրջանառվող փաստաթղթերի վերաբերյալ։

«Քաղաքական որոշումն ու դիրքորոշումը պետք չէ շփոթել իրավական գործընթացների հետ։ Այո, մենք ՀԱՊԿ-ում փաստացիորեն մեր գործունեությունը սառեցրել ենք»,- ասաց վարչապետը։

Խոսելով այն մասին, թե ինչքանով է հայկական կողմի դիրքորոշումը ՀԱՊԿ նկատմամբ ազնիվ, արդար և բարոյապես ճիշտ, նա նկատեց, որ ՀՀ խնդրանքը և նաև պահանջը ՀԱՊԿ-ին մեկն է՝ հստակեցնել, թե որն է կառույցի պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ «Մենք ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիր չենք ստեղծել։ Բոլոր խնդիրները ստեղծվել են այն կետից, երբ մենք հարց ենք բարձրացրել, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում և այդ հարցի պատասխանը չենք ստացել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ տարբեր քննարկումների ժամանակ Հայաստանը ստացել է ՀԱՊԿ և Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների շատ հստակ, տարակարծության և տարընթերցման տեղ չտվող դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ ինքնիշխան տարածքը կարմիր գիծ է իրենց համար։ Սակայն, 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին տեղի են ունեցել իրադարձություններ, երբ այդ կարմիր գիծը հատվել է, մինչդեռ դրանց չեն հետևել ՀԱՊԿ կանոնադրության և ճգնաժամային իրավիճակներին արձանագրման կարգի մեջ նախանշված քայլերը։

Փաշինյանն արձանագրեց՝ եթե ՀԱՊԿ -ն կպատասխանի հարցին՝ թե որն է իր պատկերացրած ՀՀ ինքնիշխան տարածքը և այդ պատասխանը կհամապատասխանի հայկական կողմի պատկերացումներին, դա կնշանակի ՝ Հայաստանի և ՀԱՊԿ միջև հարցերը հասցեագրված են, լուծված և ամփոփված՝ դրանից բխող հետևանքներով։ «Եթե ոչ, Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Թե երբ, չեմ կարող ասել»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել