Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր |civilnet.am|
12:35 - 19 դեկտեմբերի, 2024

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը բյուջե է վճարել 33 մլրդ դրամի շահաբաժին, 73 մլրդ դրամի հարկեր |civilnet.am|

civilnet.am: Անցած շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պետական բյուջե է փոխանցել 33,2 միլիարդ դրամի շահաբաժին, որ գոյացել է պետական բաժնետոմսերից։ Սա 2023-ի դրությամբ ստացված շահաբաժինն է, այս թիվը մեծանալու է։ Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 20 տարուց ավելի նման բան չի եղել։ Փաշինյանը հայտնեց, որ այս գումարը չի ներառում հարկերը, որ վճարվել են ԶՊՄԿ կողմից, որը մինչ այս պահը կազմում է ավելի քան 73 միլիարդ դրամ։ «Այստեղ դեր ունեն նաև միջազգային շուկայում գները։ Այն պահից, երբ կառավարությունը բաժնեմաս է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, հարկերի բավական լավ դինամիկա կա»,- հայտարարեց Փաշինյանն ու ասաց՝ 11 ամիսների տվյալներով բյուջեն ԶՊՄԿ-ից ստացել է 107 միլիարդ դրամ։

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ պղնձի միջազգային գները շարունակում են բարձր մնալ ու գները նոր թափ են առել աշխարհում էլեկտրամոբիլների արտադրության աճի ֆոնին։

Կառավարությունը կոմբինատում ունի մոտ 22 տոկոսի բաժնետոմսեր։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ վստահեցրեց՝ դրա տերը ժողովուրդն է, պետք է առաջիկայում հնարավորություններ ստեղծվեն, որ ընկերությունը ցուցակվի, ժողովուրդը կարողանա բաժնետոմսեր ձեռք բերել ԶՊՄԿ-ում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ երկու տարվա ընթացքում կոմբինատի ծախսերի հիմնավորվածությունն ու գնումների գործընթացը էականորեն թափանցիկ է դարձել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել