1lurer.am: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի, Արմավիրի մարզպետի և Արմավիրի համայնքապետի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայնություն, ըստ որի՝ Արմավիրի Բաղրամյան 9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա առկա վթարային շինությունը՝ նախկին մանկապարտեզը, նվիրաբերության կարգով կտրամադրվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Պայմանն այն է, որ այնտեղ 12-18 տարեկան երեխաների համար կվերակառուցվի կամ կկառուցվի «Թումո» կենտրոն: Այս կենտրոնի համար նախատեսվում է ծախսել մոտ 530 մլն դրամ: Այդ մասին Կառավարության հուլիսի 25-ի նիստին ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Որոշումը պայմանավորված է նրանով, որ նման դեպքերում Կառավարությունը, ըստ Հողային օրենսգրքի, պետք է համաձայնություն տա, որ համայնքն իր սեփականությունը հանդիսացող գույքը կարողանա նվիրաբերել գործընկերներին»,- ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ մինչև 2026 թվականը նախատեսվում է իրականացնել գործընթաց, որի արդյունքում Արմավիրում կենտրոնը կգործի: Կտեղադրվեն նաև «Թումո տուփեր» Դալարիկում, Մեծամորում և Արմավիր գյուղում, որտեղ նախատեսվում է, որ ընդհանուր 3800 երեխա կհաճախի:
Հանրապետությունում արդեն իսկ 5 «Թումո» կենտրոններ և 34 «Թումո տուփեր» են գործում: Ընդհանուր առմամբ հաճախում են 25000 ուսանողներ: Այս պահին ընթացքի մեջ է նաև Եղեգնաձորի և Մասիսի ժամանակավոր կենտրոնների բացման գործընթացը:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրեց, որ «Թումո» գործում է ոչ միայն Հայաստանում: Այս պահին էլ տարբեր երկրներում գործում են 9 «Թումո» կենտրոններ, և հետաքրքրությունը՝ իրենց քաղաքում ունենալու «Թումո» կենտրոն, աշխարհի տարբեր երկրների կողմից մեծ է:
«Նման ընդլայնման հեռանկարներ և տարբեր երկրներում գործելու փորձառություն ունեն նաև մեր ռոբոտաշինության և ինժեներության լաբորատորիաները՝ «Արմաթ» լաբորատորիաները, որոնք գործում են մեր՝ 600-ից ավելի դպրոցներում: Սա կրթության այն ուղղությունն է, որը մենք մեծ հաջողությամբ կարողանում ենք ցուցադրել և տեսանելի դարձնել միջազգային մակարդակում»,- ասաց նա:
comment.count (0)