1lurer.am: Երևանյան հուշարձաններին ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի հարակից սրճարաններն ու նմանատիպ այլ կառույցները կապամոնտաժվեն: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, Երևանի Կենտրոնի մասին է:
Ավինյանը հանձնարարեց, որ կոնկրետ դեպքերով իրավական լուծումները հետազոտվեն:
«Կան սրճարաններ, որոնք բացարձակապես իրենց տեղում չեն, պետք է մաքրվեն: Ինչպես նախորդ տարի հրապարակի [Ազգային] պատկերասրահի կամարի տակ գտնվող անհասկանալի վաճառքի կետն է մաքրվել, այդպես պետք է շարունակվեն մաքրվել բոլոր նմանատիպ կետերը, և միգուցե ավելի մեծ սրճարաններ, և այդ իրավական հիմքերն էլ պետք է գտնենք, որովհետև անվերջանալի տարատեսակ իրավական կետերին հղում անելով՝ պահպանել այդ այլանդակությունները՝ ես չեմ պատրաստվում հանդուրժել:
Ինչպես նաև չեմ պատրաստվում հանդուրժել այն գլոբալ տրամաբանությունը, որ տարբեր դատական վճիռներով մետաղյա ինքնակամ շինություններ են օրինականացվում, պարտադրում, որ օրինականացվեն այն հատվածներում, որտեղ ծառեր պետք է լինեն, կանաչ տարածքներում՝ անկախ նախկինում եկած պրակտիկայից: Եվ ես կարծում եմ՝ այդտեղ էլ իրավական առումով աշխատանք ունենք անելու, որովհետև ես հաշտ չեմ նմանատիպ վճիռների հետ և չեմ լինելու հաշտ, և դա խնդիր է լինելու, մինչև կարողանանք իրավական լուծումները գտնել: Քաղաքն այլանդակել մենք չպետք է թույլ տանք»,- ասաց նա:
comment.count (0)