Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է․  դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ․ Յենս Ստոլտենբեր |factor.am|
20:25 - 19 մարտի, 2024

Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է․ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ․ Յենս Ստոլտենբեր |factor.am|

factor.am: Factor TV-ի բացառիկ հարցազրույցը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

–Պարո՛ն Գլխավոր քարտուղար, շնորհակալություն այս բացառիկ հնարավորության համար։ Հարավային Կովկաս Ձեր այցը ավարտում եք Հայաստանում։ Ի՞նչ օրակարգով էիք ժամանել և ի՞նչ արդյունքներով եք հեռանում։ Արդյո՞ք մեր ռեգիոնը մտնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերում։ 

– Ես առաջին հերթին Հարավային Կովկաս այցելեցի, որովհետև այս տարածաշրջանը շատ կարևոր է անվտանգության և խաղաղության տեսանկյունից, իհարկե, առաջնահերթորեն՝ այստեղ ապրող ժողովուրդների համար։ Բայց այն չափազանց կարևոր է նաև Եվրոպայի համար, ամբո՛ղջ Եվրոպայի համար։ Խաղաղությունն ու կայունությունը նպաստում են ավելի մեծ ներդրումներին, ավելի լուրջ տնտեսական աճին, բարգավաճմանը, և իհարկե՝ երաշխավորում են կայուն հարևանություն ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։ Իսկ երբ մեր հարևանները խաղաղ են, մենք էլ ավելի անվտանգ ենք։

Հետևաբար, Հարավկովկասյան երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, բոլորն իրենց տարբեր ձևերով, շատ կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար։ Մենք էլ մեծապես գնահատում ենք այս շփման հնարավորությունը։

-Պարոն Ալիևը Ձեզ հետ զրույցում խաղաղությունից էր խոսում, սակայն ԼՂ-ի կլանումից և 120.000 Արցախցիների բռնի տեղահանումից հետո անգամ Ադրբեջանը սպառնում է լայնածավալ պատերազմով, եթե Երևանը չզիջի ռուսական հսկողությամբ «Զանգեզուրի միջանցք», անկլավներ։ Ինչպե՞ս եք դուք տեսնում խաղաղության ճարտարապետությունը մեր տարածաշրջանում, անվտանգային ի՞նչ հակակշիռների ու զսպումների առկայության պարագայում է հնարավոր տևական և կայուն խաղաղությունը։ 

– Նախևառաջ, կարծում եմ խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։ Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։ 

Հասկանում եմ, որ դեռ տարբերություններ կան, բայց նաև հնարավորություն կա համաձայնության հասնել՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցվել են։ Սա ընդգրկում է նաև լիարժեք հարգանքը տարածքային ամբողջականության նկատմամբ՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել։ Մասնավորապես, երբ սկսվել էին այս քննարկումները և բանակցությունները նաև Պրահայում, իհարկե՝ նաև հաշվի առնելով ՆԱՏՕ-ի այնպիսի գործընկերներին, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն։ Այսինքն, ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներով ներգրավված է այս գործընթացում, խաղաղ համաձայնագրի բանակցման շրջանակում, ինչը կնպաստի և Հայաստանին, և Ադրբեջանին։  

-Ներկայումս Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ըստ ամենայնի՝ առաջիկայում դուրս կգա այդ կազմակերպությունից։ ՀՀ իշխանությունը նաև հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին։ Այս լույսի ներքո ի՞նչ կարող է ՀՀ-ին առաջարկել ՆԱՏՕ-ն, ՀՀ հետ համագործակցությունը մինչև ո՞ւր կարող է խորանալ՝ հաշվի առնելով, որ մի  կողմից՝ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնը, որն ամեն կերպ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին։ 

– Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարաժամկետ գործընկերն է։ Գործընկերային ենթակառուցվածքը համաձայնեցված է դեռ 1994 թվականից՝ 30 տարի առաջ։ Իմ այցելությունը տարածաշրջան և մասնավորապես՝ Հայաստան, ևս մեկ անգամ փաստում է ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը։ Մենք մեծապես գնահատում ենք այն, ինչ Հայաստանն արել է ՆԱՏՕ-ի առաքելությունների և գործողությունների շրջանակում։ Հայկական ուժերը միշտ ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելիս տպավորել են ինձ։ Բայց միաժամանակ, մենք աջակցում ենք պաշտպանության և անվտանգության ենթակառուցվածքի ամրապնդմանը, ժողովրդավարական վերահսկողության իրականացմանը։  Նաև՝ մեծապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի հիմնարար արժեքներին, այսինքն՝ ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը Հայաստանի հանձնառությունը։ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ այս արժեքների ամրապնդման գործընթացում։ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր է, որ ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, իրավունք ունենա իր ճանապարհն ընտրելու։ Հետևաբար, Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանում է լինել ՀԱՊԿ-ի անդամ, թե՝ ոչ։ Այնպես, ինչպես Եվրամիության ցանկացած երկիր որոշում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցել, թե՝ ոչ։

Մենք հարգում ենք ինքնիշխան, ժողովրդավարական ընտրությունը՝ ժողովրդավարական անկախ երկրների կողմից կայացված։ Ինչ մնում է Եվրամիությանն անդամակցությանը, Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է անդամակցել, թե՝ ոչ։ Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է արդյոք ռազմական, անվտանգային նախաձեռնության կամ կազմակերպության մաս լինել։ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի որոշումը։ Եվ իհարկե, մենք դիմում ենք նաև Ռուսաստանին, որ հարգի Հայաստանի ցանկացած ինքնիշխան  որոշում, և իհարկե՝ ցանկացած այլ երկրի կողմից կայացված։

-ՆԱՏՕ-ն կարո՞ղ է մասնակցել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումներին։ Եվ ՆԱՏՕ-ն հնարավոր համարո՞ւմ է դաշինքին Հայաստանի անդամակցությունը՝ դաշինքի ստանդարտներին համապատասխանելու դեպքում։         

– Այսինքն, հարցն այն է՝ Հայաստանին կընդունենք որպես անդամ, թե՝ ո՞չ։ Հայաստանը պետք է որոշի։  Մենք շատ երկրների հետ ենք աշխատել Եվրոպայում, որոնք ՆԱՏՕ-ի սերտ գործընկերներն են, բայց անդամ չեն։ Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներով ասել են, որ չեն ցանկանում անդամակցել։ Մենք ասել ենք՝ չե՞ք ցանկանում, խնդիր չէ, դա ձեր որոշումն է։ Բայց հետո Ֆինլանդիան և Շվեդիան փոխեցին իրենց միտքը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։ Մենք էլ ասացինք՝ շատ լավ, դիրքորոշումը փոխվել է, որոշել եք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նստեցինք բանակցությունների սեղանին, բանակցեցինք պայմանները, հրավիրեցինք և Շվեդիան և Ֆինլանդիան արդեն ՆԱՏՕ-ի անդամներ են։  Հետևաբար, ՆԱՏՕ-ի դուռը բաց է։

Մենք դա փաստել ենք, ցուցադրել ենք վերջին տարիների ընթացքում՝ Մոնտենեգրոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում։ Բայց պարտադրե՞լ, երբե՛ք։ Դա ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություն է և որոշում է։ Քանի դեռ Հայաստանը չի դիմում  անցամակցության, ինչի շուրջ ձեր որոշումը մենք մեծապես հարգում ենք, մենք պատրաստ ենք ավելի շատ անելու որպես գործընկեր, դեռ՝ ոչ որպես դաշնակից։ Վստահ ենք, որ ՆԱՏՕ-ն էլ մեծապես կկարողանա ամրապնդել ձեր  պաշտպանական կառույցները։ Սկսած ականազերծումից մինչև պաշտպանական այլ ուղղություններ համագործակցել ենք Հայաստանի հետ լայնորեն։ Կշարունակենք այդ համագործակցությունը, կփորձենք հասկանալ, թե է՛լ ի՞նչ կարող ենք անել Հայաստանի հետ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։        


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել