Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
19:55 - 20 մարտի, 2024

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին Նոուրուզի՝ իրանական Ամանորի կապակցությամբ։

«Թող գալիք տարին Իրանի համար նշանավորվի նորանոր հաջողություններով և ձեռքբերումներով։

Հայաստանի Հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունեն Իրանի Իսլամական Հանրապետության հետ հազարամյա պատմություն ունեցող ջերմ ու բարեկամական կապերը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ նոր մակարդակի կբարձրացնենք երկկողմ հարաբերությունները՝ ի նպաստ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն ու բարեկեցություն»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Նոուրուզի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի ու գարնանամուտի տոնի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Թող Նոր տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար նշանավորվի շարունակական ձեռքբերումներով ու հարատև խաղաղությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ձևավորված ջերմ ու բարիդրացիական կապերը։

Համոզված եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա մեծ ներուժն իրացնելով՝ ավելի կխորացնենք սերտ փոխգործակցությունը և կարճ ժամանակում ականատես կլինենք ընթացիկ ու նախանշված հավակնոտ մի շարք ծրագրերի իրագործմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման և հայ ու իրանցի ժողովուրդների բարօրության»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել