armenpress.am: Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերի թիվը նվազել է:
Այդ մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Եթե հունվար-փետրվար ամիսներին իսկապես մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակների մասով, ապա վերջին երկու շաբաթում նկատելի է թվերի նվազումը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման առումով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդությունների տարածմանը չնպաստելուն, Անահիտ Ավանեսյանը՝ որպես վարակիչ հիվանդությունների տարածման դեմ լավագույն միջոց հորդորեց պատվաստվել և հետևել հիգիենային, հիվանդ վիճակում տանից դուրս չգալ և այլն։
«Բոլոր այն վարակիչ հիվանդությունները, որոնք շատ ծանր ընթացք ունեն և վտանգավոր են, դրանց հիմնական մասը կանխարգելելի են, եթե քաղաքացին պատվաստված է»,- ասաց նա։
Ավանեսյանը նշեց, որ 2024 թվականից մեկնարկում է նաև ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։
comment.count (0)