Միրզոյանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները
15:24 - 22 մարտի, 2024

Միրզոյանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոնտեվիդեոյում հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ նշել են երկու երկրների գործադիր և օրենսդիր մարմինների պատրաստակամությունն ընդլայնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով երկու հասարակությունների միջև տասնամյակներ շարունակ ձևավորված խոր կապը։

Արարատ Միրզոյանը կարևորել է նաև խորհրդարանական դիվանագիտության դերը, այդ թվում՝ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել երկու երկրների համերաշխությունը և ցուցաբերած մոտեցումը համամարդկային արժեքների պաշտպանության հարցում, որոնք, ցավոք, շարունակաբար խախտվում են մեր տարածաշրջանում:

Նախարար Միրզոյանը Անա Օլիվերային է ներկայացրել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքին: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին, զրուցակցին ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումները և տեսլականը Հարավային Կովկասում կայունության ու զարգացման նոր փուլ բացելու հարցում: Արարատ Միրզոյանը հավելել է, որ այդ ուղղությամբ առկա հնարավորությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է նաև մյուս դերակատարների համարժեք հանձնառությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել