Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
14:30 - 27 մարտի, 2024

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը ներառյալ:

Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման:

Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։

Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am, մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ը, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

  • մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
  • ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
  • դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը.
  • այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.
  • հանրային ծառայությունների համարանիշը.
  • մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.
  • մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։

Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝

  • անունը, ազգանունը, հայրանունը.
  • կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ).
  • աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք.
  • բնակության վայրը (մարզը, համայնքը).
  • ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
  • հանրային ծառայությունների համարանիշը.
  • էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։
  • Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։

Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի մայիսի 4-ին և 5-ին։ Ատեստավորման անցկացման վերջնական ժամանակացույցը կհրապարակվի հայտերն ամփոփվելուց հետո։

  • Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝ չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910,
  • մանկավարժական աշխատողների համար - https://support.emis.am/article/909։

Տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին հետևյալ հեռախոսահամարին՝ (+374 10) 578-455:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել