«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ
09:30 - 04 ապրիլի, 2024

«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

Ապրիլի 3-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ 

Սա նախարարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։

Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Լըկորնյուն Ֆրանսիայի անունից համերաշխություն է հայտնել մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։

Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ այդ սպառնալիքին առավելագույնս արդյունավետ հակազդելու համար։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։

«Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է ռուսական ներխուժումը և կշարունակի աջակցել Կիևին։

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել  «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ 

ՌԴ ՊՆ-ն նշում է՝ Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա(Իրաքի և Լևանտի իսլամական պետություն)

Սերգեյ Շոյգուն, ընդգծելով, ահաբեկչության հետ կապված սկսված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն, նշել է, որ ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան. 

«Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության։ Հույս ունենք, որ այս դեպքում ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»,- ասել է Շոյգուն։ 

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ֆրանսիական զորախմբի հնարավոր ուղարկումն Ուկրաինա «խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել