Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի վզին «պովոդոկ» հագցնելու համար. Փաշինյան
11:37 - 10 ապրիլի, 2024

Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են Հայաստանի վզին «պովոդոկ» հագցնելու համար. Փաշինյան

Անդրադառնալով արցախյան խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար։

«Այն բանակցակային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման, այլ Հայաստանի Հանրապետության հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ ՀՀ առանց այն էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն», - ասաց Փաշինյանը։

Գոծադիրի ղեկավարը հայտարարեց, որ 2021-ի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, կային ուժեր, որոնք Երևանից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա Հայաստանին օգնության՝ նշելով՝ նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողություններ ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել։

«Բայց հետո պետք է պարզվել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ, այլ որպես խաղաղապահ ինչով փաստացի Հայաստանին դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից», - հայտարարեց վարչապետը՝ շեշտելով՝ եթե կառավարությունը դրան տուրք տար, իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով՝ ռազմական գործողությունների ծավալում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայության, ՀԱՊԿ խաղաղապահների ծավալում ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետական փաստացի լուծարում։

Փաշինյանը շեշտեց՝ հետագայում արդեն ԱԺ ընտրություններով վստահության մանդատ ստացավ իրական Հայաստանը։

«Իրական Հայաստանի դե յուրե հաստատումն էլ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ հասկանալի դարձավ, որ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունը։ Հենց այդ շրջանում էլ Պրահայում կայացվեցին շատ կարևոր որոշումներ և Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ հայաթափմանը․

«Միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների։ ԼՂ որոշ շրջանակներում ցավոք այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել։ Միջազգային դերակատարները կարող են անել 10․ 20, լավ 30 տոկոսը, մնացած 70 տոկոսը այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերում է խնդիրը; Եթե իհարկե, այդ սուբյեկտը ցանկանում է սուբյեկտ լինել։

Այն, ինչ տեղի ունեցավ ԼՂ-ում, իրականում ԼՂ-ի մասին չէր, այլ հերթական դավադրությունը հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար։ Դա 2020թ․ նոյեմբերին, 2021թ․ փետրվարին, 2021թ․ մայիսին, 2022թ․ սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը, հաստատել մարիոնետային կառավարություն՝ ըստ էության ՀՀ լուծարային հանձնաժողով։ Բայց այս անգամ էլ դա չստացվեց․․․։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրական ու պատմական Հայաստանի միջև սահմանազատումը չափազանց ցավոտ է:

«Այդ  ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է՝ եթե այն, ինչ ասացի, դա է ապագա տանող ուղին, ինչի՞ համար էին մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր  զինվորները:

Ես բազմիցս հրապարակային եմ տվել այդ հարցը, կարեւորել դրա բովանդակային պատասխան տալը: Պատասխանը հետեւյալն է. մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության եւ ինքնիշխանության:

Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996-ի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ-ի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի հարց այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետություն այլեւս պատրաստ է եղել եւ անփոփոխելի՝ արձանագրումով, որ ԼՂ-ն չի կարող չլինել Ադրբեջանի կազմում: Այս արձանագրումից խուսափելով, անորոշ ու սին հույսեր տալով որոշ պետություններ ԼՂ-ի հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ, մեր խոսույթում «պովոդոկ» խոսքով հայտնի  վզկապ հագցնելու եւ որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար »,-ասաց նա:

 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել