factor.am: Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում, Factor.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն՝ անդրադառնալով իր հետ կապված միջադեպի մասնակից երիտասարդին բռնության ենթարկելու՝ փաստաբանների ահազանգին։
«Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար»,- ասաց իշխանական պատգամավորը Ասլանյանը կրկնեց ավելի վաղ իր արած հայտարարությունը, թե հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդում չէր ներկայացնի, եթե դեպքի մասնակից երիտասարդը կադրերը չհրապարակեր համացանցում։
Հիշեցնենք, որ երեկ հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի և ակտիվիստ Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով։ Վարդանյանի փաստաբանը այսօր հայտնեց, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:
comment.count (0)