azatutyun.am: «2023 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների ժամանակ իրավապահների կողմից ուժի անօրինական կիրառման դեպքեր են արձանագրվել», - հայտարարում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակված տարեկան զեկույցում։
Որպես օրինակ զեկույցի հեղինակները մատնանշում են նախորդ տարվա սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ծավալված իրադարձությունները։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, որ դիտարկում էր բողոքի գործողությունը, նշել է, որ ոստիկանությունը ցուցարարների հանդեպ «անհամաչափ ուժ է կիրառել առանց խտրականության, այդ թվում՝ ծեծի կիրառելով և արցունքաբեր գազով նռնակների արձակելով անմիջականորեն ամբոխի ուղղությամբ՝ առանց նախազգուշացման», - նշված է զեկույցում։
«Պահպանվում են մտահոգությունները կապված այն լրագրողների անվտանգության հետ, որոնք շարունակում էին ճնշումների, վիրավորանքների և բռնության ենթարկվել կառավարության աջակիցների կողմից», - հայտարարում է Amnesty international-ը։
«Առնվազն երկու լրագրողներ հայտարարել են, որ հուլիսի 25-ին կայացած վարչապետի ասուլիսի ընթացքում, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրան ուղղած իրենց հարցերից հետո, համացանցում ենթարկվել են ակտիվ ճնշումների և սպառնալիքների, այդ թվում՝ որոշ պաշտոնյաների կողմից», - նշված է իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
comment.count (0)