Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ 2024թ. ապրիլի 24-ին Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու հարևանությամբ կանգնեցված հայկական խաչքարի մոտ կայացավ ոգեկոչման հավաք։ Այս մասին հայտնում են Բելառուսում ՀՀ դեսպանությունից:
Հակիրճ ելույթով հանդես եկավ Մինսկի հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը, որի առաջարկով հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով հայկական խաչքարին։
Հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կարևորեց հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի մասին աշխարհին իրազեկելու և ցեղասպանության եղելության հիշողությունը մշտապես վառ պահելու անհրաժեշտությունը՝ դասեր քաղելու և դրա կրկնությունն ապագայում բացառելու համար։
Այդ տեսանկյունից որպես լավագույն երաշխիք մատնանշվեց դարավոր պայքարի ու զրկանքների գնով վերագտած անկախ հայկական պետականության հզորացման ու առաջընթաց զարգացման հրամայականը, որը պահանջում է ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա պետությունների հայ համայնքների յուրաքանչյուր ներկայացուցչի պետականակենտրոն մտածողություն ու առկա ջանքերի համադրում։
Եկեղեցու սպասավորները՝ վերջինիս հոգևոր հովիվ Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, հոգեհանգստյան կարգ մատուցեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։
Միջոցառմանը ներկա էին Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ, Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմը, Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի աշխատակիցները և այլք։
comment.count (0)