Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր
10:38 - 14 մայիսի, 2024

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Կարեն Բադալյանը‚ հիմնադրամի այլ ներկայացուցիչներ հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են հիմնադրամից:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև՝ Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցմանն առնչվող հարցեր։ Նշենք, որ Մեղրիի սահմանային անցակետի տարածքում ԻԻՀ-ի և ՀՀ-ի միջև առաջին կամրջային անցումն Արաքս գետի վրայով շահագործման է հանձնվել 1996 թ.։ Գործող կամրջի երկարությունը 192 մ է։ Նախքան կամրջի շահագործումը երկու երկրների միջև բեռների և ուղևորների փոխադրումն իրականացվել է լողացող կամրջի միջոցով։ Իրանի մասնագետների կողմից Մեղրիի սահմանային անցակետում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալների վերաբերյալ իրականացված վերջին հետազոտության համաձայն՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում տրանսպորտային միջոցների ընդհանուր թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն աճել է։ Հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն։

Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։ Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։ Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել