Հայաստանում սունկից 2024 թվականին թունավորվել է 8 մարդ: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից, նշելով, որ սունկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանք ոչ ճիշտ մշակելու հետևանքով:
«Հնարավոր չէ սունկի թունավոր լինելը ստուգել եփելիս եռացող ջրի մեջ արծաթե առարկա, կարտոֆիլ կամ այլ բան ավելացնելով և գույնի փոփոխությանը հետևելով. դրանք միֆեր են:
Ցանկալի է սունկը սննդում օգտագործել միայն խոհարարական մշակումից հետո»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Սունկից թունավորման դեպքերը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել ճանապարհների եզրերից, չգնել պատահական վայրերից, ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։
Թունավոր սունկերը պարունակում են այնպիսի նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն):
Չի կարելի ուտել հում սունկ, չի կարելի երեխաներին կերակրել սնկով, խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ:
Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ , թարմ սնկերը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում, թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։
Սնկից թունավորումն ունենում է սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում:
Կլինիկական հիմնական ախտանշաններն են` որովայնի կտրուկ ցավ, սրտխառնոց, անընդհատ փսխումներ, առատ քրտնարտադրություն, թքահոսություն, գլխապտույտ, գլխացավ, անհագ ծարավի զգացում, հալյուցինացիաներ` առանց քնկոտության, ցնորք, գիտակցության կորուստ, դեմքի կարմրություն, սրտխփոց, վախի զգացում, ցավ լյարդի շրջանում:
comment.count (0)