«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց ակցիաների հերթական օրը
21:29 - 17 մայիսի, 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց ակցիաների հերթական օրը

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 17-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերը։ 

Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան հանդիպել է բժիշկների հետ, ապա «Նեմեսիս» հուշակոթողի մոտ հանդիպել է դասախոս-գիտնականների հետ։ 

Վերջին հանդիպումից հետո  Սրբազանը և հավաքի մասնակիցներրը շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ, որպեսզի ամփոփեն այսօր տեղի ունեցած իրադարձությունները և քննարկեն հետագա անելիքները։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այս մեկ շաբաթում նպատակ ուներ հանդիպել բոլոր մասնագիտական համայնքների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնեց, որ մայիսի 18-ին հանդիպում կունենա քաղաքական կուսակցությունների և տարբեր այլ խմբերի ներկայացուցիչների հետ, ապա մշակութային գործիչների, ինչպես նաև պահեստազորի  սպաների հետ։

«Բոլորի հետ հանդիպելուց հետո շուտով մեծ հանրահավաք ենք կազմակերպելու, և որոշակիորեն ասելու ենք, թե ինչ է տեղի ունենալու»,-ավելացրեց նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը կրկին խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին՝ պահանջելով կասեցնել այն։ 

«Շարժմանն անընդհատ ուզում են քաղաքական գունավորում տալ, թո՛ղ տան, ինձ համար կարևոր չէ: Ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից: Մենք ապաքինման, խնամքի, լայն հասարակական հաշտության կարիք ունենք, և այդ խոչընդոտը պետք է վերացվի։ Կիրակի օրը տեղյակ կլինեք, թե ի՞նչ է տեղի ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մենք մի քանի օրվա անելիք ունենք և այդ անելիքները մայիս ամիսը կդարձնեն շատ լավ ամիս»,- ասաց Սրբազանը։ 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջորդ հավաքը տեղի կունենա  վաղը ժամը 19։00-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել