azatutyun.am: Դատարանը կորոշի՝ արդյոք կառավարությունը իրավասու է գաղտնի պահել, թե քանի մարդու ու ինչ չափով է փոխհատուցում տալիս կիրանցիներին, որոնք գույք են կորցրել Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման արդյունքում։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն է դատի տվել կառավարությանը, որ մերժել է փոխհատուցման մասին տվյալներ տրամադրել, պատճառաբանելով, թե տեղեկությունները գաղտնի են։
«Սեփականության իրավունքի խախտման կամ սահմանափակման դիմաց փոխհատուցման չափը մեզ համար հասկանալի չէ, այսինքն՝ վերջին հաշվով այդ գումարը պետական բյուջեից վճարվել է քաղաքացիներին, մենք որպես հարկատուներ չիմանա՞նք՝ մեր գումարը ողջամիտ չափերով է տնօրինվել, նպատակայնություն ինչումն է։ Չափորոշիչը, թե ինչ չափանիշների հիման վրա են որոշել գումարի չափը, շատ կարևոր է ոչ թե այդ մարդկանց տեսակետից, այլ մնացած հանրության տեսակետից», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։
Արթուր Սաքունցն ասում է՝ մարդու իրավունքներին վերաբերող որևէ տեղեկություն չի կարող գաղտնի լինել. - «Տեղեկատվության չտրամադրելն այն հիմնավորմամբ, որ նա հանդիսանում է պետական գաղտնիք, բավարար չէ, որովհետև ամեն մի կոնկրետ տեղեկատվության դեպքում պետք է ոչ միայն սահմանափակվել՝ որակելով այն գաղտնիք, այլ պետք է հիմնավորել, թե ինչն է նրա գաղտնիությունը»։
Կառավարության պատասխանից պարզ չէ՝ փոխհատուցումների մասին տվյալները պետական, թե անձնական գաղտնիք են համարել։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատությանն» ասել էր, թե որոշումը գաղտնի է, որովհետև այստեղ «պետական սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր են»։ Օրեր անց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում սահմանազատումից բացի, որոշումը գաղտնի պահելու մեկ այլ փաստարկ էր բերել։
«Դուք չպետք է վստահ լինեք, թե գիտեք՝ ինչ է տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերով, որովհետև այդ ծրագրերն իրականացվում են գաղտնի որոշումներով, և որոշումները գաղտնի են, որովհետև դրանք պարունակում են անհատական տվյալներ», - ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Սաքունցը հակադարձում է՝ հանրությունը պետք է տեղյակ լինի՝ որքանով է համաչափ տրվել փոխհատուցումը, հատկապես որ կառավարությունը հայտարարել է՝ սահմանազատման գործընթացը շարունակական է լինելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Մյուս բնակավայրերի բնակիչները պետք է տեղյակ լինեն՝ ինչ է իրենց սպասվում, ասում է Արթուր Սաքունցը։
comment.count (0)