Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը
21:20 - 21 մայիսի, 2024

Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։

Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որով սահմանված են ռազմավարության գերակա ուղղությունները։

Միաժամանակ նշվել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտի օրենսդրական շրջանակի բարեփոխման նպատակով լրամշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակման փուլում է սեյսմիկ պաշտպանության ոլորտային ռազմավարական փաստաթուղթը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սամեհ Նագիբ Վահբան ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ուղղություններով իրականացվող միջոցառումները և աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հատուկ նշանակության օբյեկտների վիճակը, շենք-շինությունների շինարարական նորմերի պահպանման և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող այլ հարցեր։

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ընդգծել է աղետների ռիսկի քարտեզագրման և ծառայության տեխնիկական հագեցվածության ու արդիականացման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել