Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ
14:38 - 22 մայիսի, 2024

Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:

Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը։

Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

Իրանական ԻՐՆԱ-ի հաղորդմամբ այաթոլլահ Խամենեին ասել է․ «Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների նկատմամբ, և այս զգայունությունն ու մտահոգությունը պետք է շարունակել  հաշվի առնել: Մենք պետք է կարողանանք ապահովել մեր շահերը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել